ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան և սաուդյան ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել Իրաքում տեղակայված իրանամետ թիրախներին։
Այս մասին հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ ըստ զինվորականների տարածած հայտարարության՝ կործանիչները խոցել են Իրաքի արևելքում գտնվող լոգիստիկ կենտրոններն ու զենքի պահեստները։
CENTCOM-ը սոցիալական ցանցերում հայտնել է, որ այս գործողությունը վճռական պատասխան էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրահանգով վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված ավելի քան 30 անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։
«ԱՄՆ ուժերի ուղղությամբ իրականացված այս անհիմն հարձակումներն ապարդյուն են եղել»,- նշել են հրամանատարությունում։
Ավելի վաղ CENTCOM-ը հայտնել էր, որ երեքշաբթի օրը ԻՀՊԿ ստորաբաժանումները Իրանի տարածքից մի քանի բալիստիկ հրթիռներ էին արձակել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ուժերի ուղղությամբ։ Բոլոր իրանական հրթիռները հաջողությամբ խոցվել են. ամերիկյան զորքերը շարունակում են մնալ բարձր մարտական պատրաստվածության վիճակում։