copy image url
Արտաքին 38 րոպե առաջ - 15:18 28-07-2026

Գերմանիայում փոստատարը դատարանի առաջ է կանգնել 32 հազար նամակ յուրացնելու մեղադրանքով

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Գերմանիայի Կրեֆելդ քաղաքում դատարանը քննում է փոստատարի գործը, որը մեղադրվում է շուրջ 32 հազար նամակ չառաքելու և յուրացնելու մեջ։ Դատավճռի հրապարակումը նախատեսված է հուլիսի 28-ին։

Մեղադրանքի համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի ապրիլը հազարավոր նամակներ չեն հասել իրենց հասցեատերերին։ Գործը բացահայտվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը տեղեկություն է ստացել աղբամանում հայտնաբերված հարյուրավոր նամակների մասին։ Հետաքննությամբ պարզվել է, որ դրանք չեն առաքվել, իսկ որոշ ծրարներ եղել են բացված։

Խուզարկության ընթացքում իրավապահները մեղադրյալի բնակարանում և նկուղում հայտնաբերել են տասնյակ հազարավոր այլ չառաքված նամակներ։

Փոստատարը հայտարարել է, որ փորձել է օգնել իր այն ժամանակվա ընկերուհուն, որը նույնպես աշխատում էր փոստային ծառայությունում և չէր հասցնում առաքել նամակները։ Միաժամանակ նա հերքում է ծրարները բացելու մեղադրանքը։

Նույն գործով մեղադրյալի նախկին ընկերուհին հուլիսին դատապարտվել է և տուգանվել 600 եվրոյով։ Գործով անցել է նաև ևս մեկ փոստատար, սակայն նրա նկատմամբ կալանքը հետագայում վերացվել է։