Ռուսաստանի Դաշնությունը կրկին երկարաձգել է բենզինի արտահանման արգելքը։ Որոշումը կայացվել է վառելիքի ներքին շուկայում կայունությունը պահպանելու նպատակով և նախատեսում է սահմանափակումների շարունակություն մինչև տարեվերջ։
Միջազգայնագետ, Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ այդ սահմանափակումները չեն վերաբերում Հայաստանին, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների ցանկում է։ Այնուամենայնիվ, եթե ռուսական բենզինի արտահանումը սահմանափակվում է, ապա ինչո՞ւ Հայաստանում բենզինի գինն այս պահին էական փոփոխություն չի արձանագրում։
Արմեն Մանվելյանը, անդրադառնալով այս հարցին և ադրբեջանական բենզինի հնարավոր ներմուծման վերաբերյալ քննարկումներին, նշեց, որ նման պնդումները պետք է գնահատել բացառապես կոնկրետ վիճակագրական տվյալների հիման վրա։
Նրա խոսքով՝ եթե անգամ նման մատակարարումներ իրականացվում են, դրանք ունեն փոքր ծավալներ և չեն կարող էական ազդեցություն ունենալ Հայաստանի ամբողջ վառելիքի շուկայի վրա, քանի որ հիմնական մատակարարումները շարունակում են ձևավորվել այլ ուղղություններից։
Մանվելյանը նշեց, որ այս պահին պետք չէ խոսել նաև բենզինի ճգնաժամի մասին, քանի որ Հայաստանի համար իրավիճակը որոշակիորեն տարբերվում է այն երկրների իրավիճակից, որոնք ամբողջությամբ կախված են ռուսական արտահանման բաց շուկայից։
Այնուամենայնիվ, մասնագետը նշում է, որ շուկայի վրա կարող են ազդել ոչ միայն վարչական սահմանափակումները, այլև համաշխարհային էներգակիրների գները, լոգիստիկ խնդիրները և տարածաշրջանային զարգացումները։
Փորձագետի խոսքով՝ այս պահին Հայաստանը որոշակիորեն կարողանում է հավասարակշռել մատակարարումները՝ հիմնականում Ռուսաստանի ուղղությունից ստացվող վառելիքի հաշվին։
Նա նաև նշում է, որ բենզինի թանկացումը հնարավոր սցենարներից մեկն է, և իրանական ճգնաժամի ֆոնին, չի բացառվում, որ բենզինի գինը բարձրանա։
Մանրամասները` տեսանյութում։