copy image url
Ներքին 54 րոպե առաջ - 19:41 11-09-2026

Երբ ասում ենք՝ հասարակությունը չի հասկանում, է, իսկ բացատրողը հասկանո՞ւմ է. Վահե Հովհաննիսյան

Ասել, որ պայքարը շարունակվում է և շարունակել 2021-26 թվականի ձևակերպումները, մեթոդները, գաղափարները, կոնսոլիդացիոն կոչերը և տապալումները, ճիշտ չէ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Որտե՞ղ է ձևավորվում հայկական օրակարգը» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց նշեց խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«2026–ի հունիսից հետո շատ բան է փոխվել։ Երբ ասում ենք՝ հասարակությունը չի հասկանում, է, իսկ բացատրողը հասկանո՞ւմ է։ Եթե մենք Կիրանցի օրինակով կանգնենք, ասենք՝ Տիգրանաշենը մերն է և դա պայքարի օրակարգ է, անմիջապես հետևելու է նույն թակարդը՝ եթե չտանք, լինելու է պատերազմ, և էլի այս կողմը պարտվելու է։
Այստեղ շատ բան է պետք վերանայել, շատ բան պետք է փոխվի։ Իմ ընկալման մեջ միշտ եղել է, որ մեր հաջողության բանաձևերից մեկը ընդիմություն հասկացության վերանայումն է։ Ընդիմությունը որևէ դահլիճում նստած որևէ ուժը չի, ընդիմությունը այն լայն համակարգն է, որի համար այսօրվա լուծումները ընդունելի չեն և ինքը առաջարկում է այլ լուծումներ։

Կա իշխանություն, որը մեկ անձից է կազմված և այդ մեկ անձը ունի իր օրակարգը։ Դա իր իսկ հռչակած «չորրորդ հանրապետության» օրակարգն է։ Կա ընդդիմություն, որը կարում եմ՝ օրակարգ չունի։ Խելոք, ազնիվ, պարկեշտ մարդկանց պակաս, վստահեցնում եմ, ընդդիմադիր համակարգում չկա, բայց դա համակարգային քաղաքականություն չէ»,–ասաց նա։

Վահե Հովհաննիսյանը նկատեց, որ այսօր հասարակությունը երկու գրեթե հավասար մասի է բաժանված. «Մենք չենք լսում իրար, չենք հանդուրժում իրար, մերժում ենք իրար և նույնիսկ կարող է գա այն պահը, որ մենք ուղղակի ուզենանք իրար ոչնչացնել։ Հետևաբար, ըստ իս առողջ ուժերի, առողջ միավորների, անհատների, որոնց մեջ ես ինձ այդտեղ տեսնում եմ, թիվ մեկ որակային խնդիրը հանրային երկխոսությունն է, մենք պիտի սկսենք իրար հետ խոսել, պետք է լինի միջընտրազանգվածային երկխոսություն, վերջը ի՞նչ ենք ուզում իրարից, ի՞նչ ենք ուզում մեր երկրից։ Ըստ իս, լիդերությունը դա է։

Մենք չենք լսում դիմացի ընտրազանգվածի սպիկերներին։ Նրանք էլ չենք լսում մեր սպիկերներին։ Վաղը գալու է մի պահ, որ մեր ընտրազանգվածը չի լսելու մեզ, նրանց ընտրազանգվածը չի լսելու իր սպիկերին և ստանալու ենք սկուտեղի վրա հարևաններին մատուցվող պետություն»,– հայտարարեց փորձագետը։

Նա անդրադարձավ նաև կալանավորումների խնդրին. «Այսօր բանտերը լցված են բավական լուրջ, ինտելեկտուալ մարդկանցով, ազգային կապիտալ ներկայացնող մարդկանցով, Երևանի և Բաքվի բանտերը։

Ես երեկ հասկացա, որ ազատությունը արդեն կարող է մտնել որպես միասնական օրակարգ՝ ազատություն Ծառուկյանին, ազատություն մյուս քաղբանտարկյալներին, ազատություն Բաքվում պահվող մեր հայորդիներին։ Սա չվերցնել և չսարքել օրակարգ, դա նշանակում է, ուղղակի չհասկանալ իրականությունը։

Երբ Բաքվի բանտից լսվում է ուղերձներ, որ մեզ չեն դատում, այս մեղադրանքը Հայաստանի դեմ է, ցավոք Երևանում դրանք վատ է լսվում։ Մեր ընկերների, գործընկերների ուղերձները չպիտի անտեսվեն։ Ես կոչ եմ անում անազատության ձայնը լսել, անազատությունից եկող հոդվածները, ուղերձները շատ ավելի արժեքավոր են, քան ԱԺ–ում լսվող ելույթները»,–ասաց նա։