Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում խափանվել է ուղեբեռի ընդունման գոտիների աշխատանքը, ինչի հետևանքով ուշացվել է ավելի քան 30 չվերթ։ Օդանավակայանի վարչակազմը հայտնել է, որ խնդիրներն ի հայտ են եկել դեռևս նախորդ օրվանից․ համակարգը կարգավորելու համար հրավիրվել է մասնագիտացված կապալառու, իսկ անձնակազմը ներգրավվել է ուղեբեռի ձեռքով բաշխման աշխատանքներում։
Ինչպես հայտնում է Meduza-ն, չնայած ղեկավարությունը պնդում է, թե ժամանող ուղևորների ուղեբեռի տրամադրման հարցում գործնականում դժվարություններ չկան, ուղևորները հայտնել են, որ մեկնող բոլոր անձանց ուղարկում են ձեռքով ընդունման կետեր, ինչի պատճառով հսկայական հերթեր են առաջացել։
Չվերթների բազմաժամյա ուշացումների պատճառների թվում օդանավակայանի ներկայացուցիչները նշել են նաև ավելի վաղ սահմանված օդային սահմանափակումներն ու այլ քաղաքներում անբարենպաստ եղանակային պայմանները։