«Փաստ» օրաթերթը հայտնում է, որ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն ու կալանավորումը ուղեկցվել են օրենքի ու ընթացակարգերի կոպիտ խախտումներով։ Նշվում է, որ մեղադրանքը հիմնվել է կասկածելի ու մանիպուլյատիվ ձայնագրությունների վրա, իսկ կալանքը կիրառվել է որպես պատժիչ գործիք։
Թերթի գնահատմամբ, գործընթացը միտված է ընդդիմադիր ձայների մեկուսացմանը, սակայն դարձել է միջազգային քննարկման թեմա և հասել է Եվրոպական խորհրդարան։
Ներկայացվում է, որ «Հայրենասերները Եվրոպայի համար» խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսը գրավոր հարցով դիմել է Եվրոպական հանձնաժողովին։ Նա հիշեցրել է 2022-ի քննադատությունները և հարցրել՝ արդյոք Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի ընթացքում քննարկվել է Չալաբյանի վերջին կալանավորումը և ինչպես է այն գնահատվում ԵՄ–Հայաստան հանձնառությունների լույսի ներքո։