copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 23:38 14-07-2026

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատանը մեծ հանդիսավորությամբ նշվեց Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և բազմաթիվ այլ պաշտոնյաներ։

Ֆրանսիայի դեսպանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Ազգային տոնին մասնակցելու համար, նշեց, որ այս տարի այն համընկնում է 2016 թվականի հուլիսի 14-ին Նիսի փողոցներում ԴԱԻՇ-ի կողմից իրականացված արյունահեղության տասներորդ տարելիցի հետ։

«Պահն է՝ հիշելու և համախմբվելու այն ամենի շուրջ, ինչը միավորում և կերտում է մեզ։ 1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավմամբ Ֆրանսիական հեղափոխությունն իր խոսքն ասաց։ Այդ ժամանակից ի վեր Ֆրանսիայի ազգային տոն դարձած հուլիսի 14-ը խորհրդանշում է մեր հեղափոխությունը և միավորում ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքները։ Սկզբունքներ, որոնք միայն ֆրանսիացի ժողովրդինը չեն։ Դրանք բոլոր ժողովուրդների ձգտումն են և բոլոր ժողովրդավարությունների փխրուն նվաճումը։ Մեր հայ բարեկամները դա լավ գիտեն։ Նրանք քիչ շղթաներ չեն կոտրել, քիչ Բաստիլներ չեն տապալել։

Ցեղասպանությունից փրկված ազգը, կայսրությունների տիրապետությունից թոթափված պետությունը, ժողովրդի կամքով ամրապնդված ժողովրդավարությունը հարստություն է աշխարհի և հույս տարածաշրջանի համար: Մեզ՝ ֆրանսիացիներիս համար նրանց Հանրապետությունը քույր Հանրապետություն է»,-ասաց Օլիվյե Դըկոտինյին:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան սիրում է Հայաստանին, իսկ Հայաստանն, իր կարծիքով, սիրում է Ֆրանսիային։

«Մեր երկու ազգերի միջև գոյություն ունի հավատարմության մի ուխտ, որը կերտվել և բազմիցս վերահաստատվել է պատմության ընթացքում։ 1915 թվականին ծովակալ Դարտիժի նավաստիները փրկեցին Մուսալեռի դիմադրության հայ մարտիկներին ցեղասպանությունից։

Օկուպացիայի ժամանակ, երբ հայերը, որոնցից շատերն անգամ չլինելով Ֆրանսիայի քաղաքացի, միացան Դիմադրությանը կամ Ազատ Ֆրանսիային և իրենց ներդրումն ունեցան մեր պատիվն ու ազատությունը վերադարձնելու գործում։ Ուստի, երբ իր պատմական դաշնակցի կողմից լքված և իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կորցնելու սպառնալիքի առջև կանգնած Հայաստանը դիմեց Ֆրանսիային, Ֆրանսիան արձագանքեց։ Շատ երկրներ նախընտրեցին աչք փակել, բայց ոչ Ֆրանսիան։ Մեր աջակցությունը Հայաստանին, ինչպես ասել է Հանրապետության նախագահը, «անվերապահ է, լիակատար և մշտական»։ Սրանք նախագահի խոսքերն են, որոնք մեր ուղենիշն են»,-ընդգծեց Ֆրանսիայի դեսպանը՝ շեշտելով, որ 1988 թվականի սարսափելի երկրաշարժից ի վեր՝ Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին երբեք ոչ այսքան գործուն, ոչ էլ այսքան շոշափելի չի եղել։

Դեսպանը խոսեց նաև Երևանի ու Փարիզի ռազմական համագործակցության մասին՝ նշելով, որ Ֆրանսիան Հայաստանի հետ պաշտպանական համագործակցություն հաստատած առաջին արևմտյան երկիրն է։

«Ֆրանսիան վերապատրաստում, սպառազինում և խորհրդատվություն է տրամադրում հայկական զինված ուժերին։ Ականատես եղաք, թե ինչպես մայիսի 28-ի զորահանդեսին Երևանի փողոցներով անցավ Ֆրանսիայի կողմից տրամադրված պաշտպանական տեխնիկան։

Տեսաք նաև, թե ինչպես ֆրանսիացի զինվորները Հայաստանում զորավարժությունների մասնակցեցին իրենց հայ, ամերիկացի և հույն զինակիցների հետ միասին։ Սա մեզ համար մեծ հպարտության առիթ է։ Ֆրանսիական ձեռնարկությունները երբեք այսքան ներկայացված չեն եղել Հայաստանում։ Վերջիններս գործունեություն են ծավալում այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են ջրային տնտեսությունը, գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները և արհեստական ​​բանականությունը»,-ասաց Դըկոտինյին՝ անդրադառնալով նաև երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ամուր համագործակցությանը։

Դեսպանի խոսքով՝ երկկողմ հարաբերությունները թևակոխել են նոր փուլ։

«Սա է Հանրապետության նախագահի և վարչապետ Փաշինյանի կողմից այստեղ՝ Երևանում կնքված ռազմավարական գործընկերության էությունը։ Այն հիմքն է մեր դիվանագիտական ​​կորպուսի, մեր զինված ուժերի, մեր ձեռնարկությունների, մեր մշակութային, հետազոտական ​​և կրթական հաստատությունների, մեր տեղական իշխանությունների, մեր քաղաքացիական հասարակության և մեր երիտասարդության միջև ապագա համագործակցության համար, քանզի Ֆրանսիան կշարունակի մնալ հանձնառու Հայաստանի կողքին՝ ամրապնդելու վերջինիս անվտանգությունը, ամրագրելու խաղաղությունը և վերադարձնելու երկրին Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև խաչմերուկի կոչումը, աջակցելու հայկական տնտեսության հսկայական ներուժին, աջակցելու արտահանման դիվերսիֆիկացիային, մինչև այլոք փորձում են շրջափակման մեջ պահել գյուղատնտեսությունը, աջակցելու Հայաստանում անցկացվելիք կարևոր միջոցառումներին. կենսաբազմազանությանը նվիրված COP17 համաժողովին և Ֆրանկոֆոնիայի խաղերին, սատարելու Հայաստանի եվրոպական նկրտումներին»,- նշեց դեսպանը։

Վերջինս նաև անդրադարձավ հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ շեշտելով, որ հայ ժողովուրդն իր կամքն արտահայտեց ազատորեն՝ չտրվելով ահաբեկումներին կամ ճնշումներին։

«Գիտենք, որ մեր առաքելության իրականացման ընթացքում կարող ենք ապավինել Հայաստանի իշխանությունների մշտապես բարեկամական և բարեհաճ աջակցությանը՝ լինի դա Կառավարությունը, Ազգային ժողովը, մարզպետները, համայնքների ղեկավարները կամ այն բազմաթիվ պետական կառույցների պատասխանատուները, որոնց հետ ամենօրյա համագործակցություն ենք ծավալում, որի համար շնորհակալ ենք նրանց»,- ընդգծեց դեսպան Դըկոտինյին։

Նա նաև հայտնեց, որ Հայաստանում 3 տարվա առաքելությունից հետո այս հուլիսի 14-ն իր համար վերջինն է երկրում։

«Ապրել եմ ձեր կողքին թե՛ ուրախ, թե՛ դժվար օրերին։ Անցել եմ ձեր ճանապարհներով՝ բոլոր ժամերին և տարվա բոլոր եղանակներին։ Եղել եմ ձեր սահմաններին։ Չափել եմ պատմության վերքերը և ապագայի հանդեպ ձեր հույսերը։ Ունեցել եմ հազարավոր հանդիպումներ՝ հետաքրքիր, զվարճալի և հուզիչ։ Հիացել եմ մահվանը դիմագրավելու և կյանքի կենացը խմելու ձեր կարողությամբ։ Մշակույթի ձեր ակունքներից հագեցրել եմ ծարավս։ Ամենուր՝ անկախ դիրքից ու կարգավիճակից, հանդիպել եմ նույն ջերմությանը, առատաձեռնությանը և բարեհամբույր վերաբերմունքին։ Ամենուր զգացել եմ նաև Ֆրանսիայի նկատմամբ նույն անկեղծ բարեկամությունը՝ այն երկրի, որը պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանում»,- ընդգծեց նա։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնը՝ նշեց, որ ավելի քան 2 դար առաջ այս օրը տեղի ունեցավ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը, որը մարդկությանը փոխանցեց ազատության, հավասարության և եղբայրության համամարդկային արժեքները։

«Դրանք մինչ օրս էլ շարունակում են ոգեշնչել ժողովուրդներին՝ պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը և կառուցելու արդար ու արժանապատիվ հասարակություններ։ Հայաստանը նույնպես կիսում է այս սկզբունքները և դրանք դիտարկում է որպես կարևոր ուղենիշներ իր պետականության զարգացման համար։

Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը։ Մենք երախտագիտությամբ ենք գնահատում մեր համերաշխությունը։ Այս տարվա մայիսին նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցն իր բովանդակային և հագեցած օրակարգով հանդիսացավ պատմական իրադարձություն։ Այդ օրերին Երևանի և Գյումրիի փողոցներում ականատեսը դարձանք համաժողովրդական ջերմ վերաբերմունքի։ Այն մեր ժողովուրդների միջև ձևավորված վստահության և փոխադարձ հարգանքի լավագույն արտահայտությունն էր»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահի այցի ընթացքում Հայաստանի հետ ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, նախանշվեցին երկարատև համագործակցության նոր հորիզոններ։

«Կարևորում ենք նաև Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի մերձեցմանը Եվրոպական միությանը։ Մեր անկեղծ ցանկությունն է տեսնել Ֆրանսիայի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը։ Մեր ցանկությունն է նաև, որ հայ ֆրանսիական գործընկերությունը տարեցտարի առավել ամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության»,- եզրափակեց ՀՀ փոխվարչապետը։

Ամենից շատ դիտված

15:00 Երբեմն ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն ազատվես աշխատանքից. Արփինե Սողոյան
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
13:30 Ինչպես էր Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ կարգավորվում Արցախի հարցը
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
15:30 Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
12:57 «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն