«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորը բացատրություններ են փնտրում, թե ինչու Սահմանադրական դատարանը նման անօրինական որոշում կայացրեց՝ հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված, եւ տարբեր վարկածներ են հնչում։ Բայց կան նաեւ փաստեր, որոնք վկայում են ՍԴ դատավորների կաշկանդվածության մասին։
Յուրաքանչյուրի նկատմամբ իշխանությունը մի թեմա ունի, որի միջոցով արդյունքի է հասել։ Օրինակ, ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի որդու՝ Արեգ Վաղարշյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, որը հիմա սառեցված է, բայց ցանկացած պահի կարող է վերաբացվել՝ կապված դատավորի պահվածքի հետ։
Արեգ Վաղարշյանը մեղադրվում էր 2023 թվականին ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդուն՝ Էդուարդ Նադարյանին դանակահարելու համար։ Նրան ժամանակին մեղադրանք է առաջադրվել, կալանավորման միջնորդություն են տարել դատարան, որը մերժվել է։
Մեր տեղեկություններով՝ շուրջ 3 տարի տեւող նախաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն այս ընթացքում մեղադրանքը հանել են Վաղարշյանի որդու եւ մյուս մեղադրյալների վրայից, եւ դանակահարության գործը մնացել է առանց մեղադրյալի ու լռվել քննչականի դարակներում։ Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Քննչական կոմիտե, մեզ ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում