Պորտուգալական Մադեյրա կղզում տեղի է ունեցել երբևէ տեսնված ամենատպավորիչ
արարողություններից մեկը, որով տեղի բնակիչները հարգանքի տուրք են մատուցել իրենց լեգենդար հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուին՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի ձախողումից անմիջապես հետո:
Ինչպես հաղորդում է India Today-ը, 1/8 եզրափակիչ փուլում Իսպանիայի հավաքականից կրած՝ 1-0 հաշվով պարտությունից և մրցաշարից դուրս մնալուց ընդամենը ժամեր անց, Ֆունշալի ջրափնյա ափին հավաքված հազարավոր երկրպագուների հուսահատությունն ու արցունքները վերածվել են մեծ տոնախմբության, երբ գիշերային երկինքը հանկարծակի լուսավորվել է անօդաչու թռչող սարքերի հիանալի ու աննախադեպ մասշտաբի ցուցադրությամբ:
Այս կայծակնային և բացառիկ շոուին մասնակցել են ռեկորդային՝ 8000 անօդաչու թռչող սարքեր, որոնք մութ երկինքը վերածել են փայլուն կտավի՝ հերթականությամբ պատկերելով Ռոնալդուի փառահեղ կարիերայի ամենավառ դրվագները. ցուցադրությունը մեկնարկել է Պորտուգալիայի հսկայական դրոշի ձևավորմամբ, որին հաջորդել է երախտագիտության խորհրդանիշ հանդիսացող «Շնորհակալություն, 7» գրությունն ու 7 համարի մարզաշապիկով ֆուտբոլիստի հսկայական դիմանկարը: Ամենատպաորիչ պահը եղել է այն, երբ դրոնները երկնքում վերստեղծել են Ռոնալդուի աշխարհահռչակ շարժումը, ինչը ստիպել է ափամերձ գոտում հավաքված ողջ ամբոխին միահամուռ բացականչել և երգել: Այս միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծել է Ռոնալդուի ունեցած պատմական ազդեցությունը Մադեյրայի վրա, որտեղ նրա անունով է կոչվում միջազգային օդանավակայանը, և որտեղ գտնվող նրա արձանը, անձնական թանգարանն ու CR7 բրենդային հյուրանոցը շարունակում են մնալ աշխարհի տարբեր ծայրերից ժամանող միլիոնավոր զբոսաշրջիկների գլխավոր այցելության վայրերը: