Սահմանադրական դատարանի՝ Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների արդյունքներն ուժի մեջ թողնելու որոշումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ դատարանի որոշումը վկայում է Հայաստանում սահմանադրական արդարադատության համակարգային խնդիրների մասին։
Նրա խոսքով՝ որոշման հրապարակումը Սահմանադրության օրվան ընդառաջ խորհրդանշական է, քանի որ, իր գնահատմամբ, «Հայաստանում կա Սահմանադրություն և Սահմանադրական դատարան, սակայն չկա սահմանադրականություն և սահմանադրական արդարադատություն»։
Վարդևանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը չի հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը, իսկ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված խախտումները, ըստ նրա, ակնհայտ էին և դուրս էին գնահատողական դատողությունների շրջանակից։
Անդրադառնալով դատարանի անկախությանը՝ փաստաբանը հայտարարել է, որ դատավորներից մեկի հարցադրումները, իր գնահատմամբ, համահունչ էին քաղաքական իշխանության հռետորաբանությանը՝ հավելելով, որ հետևությունները թողնում է հանրությանը։
Նա նշել է, որ թեև ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հավանականությունը սկզբից բարձր չէր գնահատվում, Սահմանադրական դատարանը հնարավորություն ուներ վերացնելու, իր խոսքով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլ տված սխալները, մասնավորապես՝ անվավեր ճանաչված տեղամասերի քվեարկության արդյունքների և մանդատների բաշխման հարցում։
Վարդևանյանի խոսքով՝ առաջիկայում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, որտեղ կներկայացվեն քաղաքական հետագա քայլերը։
Փաստաբանը շնորհակալություն է հայտնել ընտրական գործընթացին և դատական նիստերին հետևած քաղաքացիներին՝ ընդգծելով, որ Սահմանադրական դատարանի նիստերի ընթացքում, իր խոսքով, հերքվել են ընդդիմության հասցեին հնչեցված ընտրակաշառքների վերաբերյալ մեղադրանքները։ Նա նշել է, որ դատարանում ներկայացված տվյալներով՝ արձանագրված դեպքերը եղել են եզակի և, ըստ նրա, չեն ունեցել էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա։
Արամ Վարդևանյանը նաև պնդել է, որ ստեղծված իրավիճակն աննախադեպ է Հայաստանի ընտրական պատմության մեջ, քանի որ, նրա գնահատմամբ, առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարել է անցողիկ շեմը քաղաքացիների քվեարկության արդյունքում, սակայն չի ստացել մանդատներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման հետևանքով։ Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը հնարավորություն ուներ անվավեր ճանաչելու այդ որոշումը և սահմանելու մանդատների բաշխման նոր կարգ, սակայն այդ հնարավորությունից չի օգտվել։
Մանրամասները՝ տեսանյութում․