copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 09:00 30-06-2026

ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը հանրության լայն շերտերին հայտնի դարձավ հատկապես հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։

Նրա անվան շուրջ հանրային ուշադրությունը կտրուկ մեծացավ այն բանից հետո, երբ ՍԴ-ում մեկնարկեց ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկումը։ ՍԴ նիստերին Նունե Հովհաննիսյանն անգամ ոտքը կոտրած վիճակում մասնակցում էր և պաշտպանում ընտրությունների պաշտոնական արդյունքները, ավելին՝ նաև հումորներ անելու ժամանակ էր գտնում։

Նկատենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) հայտարարագրերի բաժնում Նունե Հովհաննիսյանի ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ առկա են ուշագրավ իրողություններ։

Նունե Հովհաննիսյանի հայտարարագրում որպես նրա հետ փոխկապակցված անձինք նշված են նրա դուստերը՝ Մերի Արսենի Կարտոյանը և Լիլիա Արսենի Կարտոյանը, որոնք բնակվում են իր հետ միասին։ Ուշագրավ է, որ բնակվելուց անդին Նունե Հովհաննիսյանի դուստերը եկամուտներ են ստանում նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից․

Մասնավորապես, Լիլիա Կարտոյանը ՊԵԿ իրավաբանական վարչության հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետն է։ Նրա՝ 2025 թվականի հայտարարագրից պարզ է դառնում, որ Լիլիա Կարտոյանը քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտներ է ստացել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։



Մերի Կարտոյանի հայտարարագրում ևս արձանագրված է, որ նա էլ է քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտներ ստացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Նշված տվյալները հանրային վերահսկողության տեսանկյունից առաջացնում են մի շարք մտահոգություններ՝ կապված շահերի բախման հետ։ Հարց է առաջանում՝ ունեցե՞լ է արդյոք ԿԸՀ նախագահի տեղակալը որևէ ազդեցություն իր դուստրերի հետ պայմանագրերի կնքման գործընթացում, և ի՞նչ կոնկրետ աշխատանքներ են իրականացրել Լիլիա ու Մերի Կարտոյանները կառույցի համար, որի դիմաց վարձատրվել են։

Հատկանշական է, որ ԿԸՀ նախագահի տեղակալի կարիերան սկվել է դեռևս հեռավոր 1990-ականներից։

Նունե Հովհաննիսյանի կենսագրությունից պարզ է դառնում, որ նա տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել ՔՊ-ի և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ամենամերժելի ժամանակաշրջանում։ Նա հաջողությամբ պաշտոնավարել է Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք, իսկ 2022-ին արդեն ներկայիս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժի կողմից առաջադրվել և ընտրվել է ԿԸՀ անդամ, ապա՝ փոխնախագահ։

Հավանաբար նույն փութաջանությամբ էլ նախկին ՔՊ-ական Վահագ Հովակիմյանի տեղակալը ջանացել է, որ իր երկու դուստրերը` Լիլիա և Մերի Կարտոյանները, աշխատանքի տեղավորվեն ԿԸՀ-ում և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտներ ստանան այնտեղից։

Վերոնշյալ հարցերի պարզաբանման նպատակով Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Պատասխանը ստանալուն պես՝ այն ևս կհրապարակենք։