Ըստ էության 1 ժամ առաջ - 21:30 29-06-2026

Ըստ էության․ Զարմանալի չէր, որ հայրենիքի գողերը դարձան նաև մանդատագողեր․ Արեգնազ Մանուկյան

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԲՀԿ պատգամավորության թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։

Նրա հետ խոսել ենք հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապված հակասությունների, դրանց շուրջ քննարկումների, 7 ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու, դրանից ակնկալիքների, ՍԴ-ի լեգիտիմությունը չճանաչելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության, ԲՀԿ-ի մասով ԿԸՀ-ի որոշումը վերանայելու, խորհրդարանում հայտնվելու, «Հայաստան» դաշինքից հեռանալու, մանդատները վերցնելու կամ չվերցնելու, շարունակվող ձերբակալությունների և խուզարկությունների, այս փուլում դրանց նպատակի, ստացած ձայների թվի վրա Անդրանիկ Թևանյանի ձերբակալության ազդեցության, եկեղեցուն սպասվող իրադարձությունների և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Նիկոլ Փաշինյանի որոշմամբ և Վան Գոգի վրձնի մեկ հարվածով տեղի է ունեցել մանդատների գողություն։ Սա բացահայտ մանդատագողություն է՝ գիշերով, որովհետև զարմանալի էլ չէ. այս հայրենիքի գողերը, բնականաբար, կդառնային նաև մանդատագողեր»,- ասաց նա։

Մանուկյանի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանն իրականում կատարում է Նիկոլ Փաշինյանի կամքը։

«Նիկոլ Փաշինյանի վրա տարբեր կենտրոններից ճնշումներ կան։ Այնպես չէ, որ միջազգային հանրությունն ամբողջովին հաշտ է այս արդյունքների հետ, որովհետև այնտեղ էլ տարբեր շերտեր կան։ Օրինակ՝ ասենք Ֆոն դեր Լայենը կամ, չգիտեմ, իրենց Մակրոնը և այլն, այն տարբեր խաղավարները, որոնք Նիկոլ Փաշինյանին այսպես խամաճիկի նման խաղացնում են մատների վրա, բոլորովին այլ են։ Բայց իրենց շերտերում նաև կան դիտորդներ, կան նաև իրենց ընդդիմախոսները, որոնք ասում են. «Դուք չեք տեսնում, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Դա բռնապետության հաստատում է և ժողովրդավարության ոտնահարում։ Ինչպե՞ս կարող եք այսպես երկակի ստանդարտներով առաջնորդվել»։ Այսինքն՝ նրանց վրա էլ ճնշում կա, սրանք էլ գուցե Նիկոլ Փաշինյանի վրա ճնշում իրականացնեն տարբեր կողմերից, որ նա պետք է գնա նոր ընտրությունների, վերականգնվի արդարությունը, և իրականում տեղի ունենան ազատ, օբյեկտիվ, մրցակցային ընտրություններ։ Մյուս կողմից նաև ճնշում կա Թուրքիայից և Ադրբեջանից, որովհետև նրանք բավարարված չեն։ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ այսքան կեղծիքներ է իրականացրել ու այսքան բռնաճնշումներ կատարել, այդուհանդերձ իր 2/3 չկարողացավ ստանալ, հետևաբար չի կարող Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Իսկ թե ինչ է դրա տակ թաքնված, կարծում եմ՝ մեզ դիտողները շատ լավ հասկանում են, ինչպես նաև այն վտանգները, որոնք սպառնում են մեր պետության գոյությանը»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված