«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան իր ֆեյբուքյան գրառմամբ անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը՝ գրելով.
«Իհարկե կլինեն մարդիկ, հիմնականում կամ նույնիսկ բացառապես Հայոց Ցեղասպանության ճանաչման թշնամիներ, ովքեր կհայտարարեն․ «Իսրայելը Հայոց Ցեղասպանությունն օգտագործում է իր սեփական քաղաքական նպատակների համար»։ Բա չէ, ի սեր ձեր սիրուն աչքերի։
Քաղաքականության ողջ արվեստը այլ կողմերի հետ ընդհանուր շահերի (թեկուզև կարճաժամկետ) նույնականացումն ու քո երկարաժամկետ նպատակներին ի նպաստ օգտագործումն է։ Առավել բարդ է, երբ դիմացիդ կողմի հետ երկար աշխատելու կարիք կա՝ ապացուցելու համար, որ առկա է շահերի նույնացում, և որ անհրաժեշտ է որոշակի գործողություն քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ու կարևոր չէ, դիմացիդ կողմի քաղաքական շահը ներքաղաքական, թե արտաքին քաղաքական է։ Կարևոր է, որ կա համընթաց ալիք։
Հայաստանի իշխանությունների արձագանքը չեմ տեսել։ Կա՞։ Պատմական առիթ է փորձել ազդել տարածաշրջանում ձևավորվող գործընթացների վրա, հաշվի առնելով Իսրայել — Ադրբեջան սերը և Իսրայել — Թուրքիա ատելությունը։ Ռիսկ կանե՞ն, թե՞ կվախենան։ Չէ որ Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․․․․