Թալան տերմինը որևէ կերպ չի կարող բնորոշել այս դեպքին, քանզի ավելի քան 4 անգամ կամ 400 տոկոս աշխատավարձի աճ ՀՀ պատմությանը դեռևս անհայտ է։
100 տոկոս պետական բաժնեմասով գործող «Հայփոստ» ՓԲԸ-ում արձանագրված աշխատավարձերի աճը հերթական անգամ հանրային քննարկման առիթ է դարձել։ Ընկերության ղեկավար Շուշան Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը, ըստ հրապարակված տվյալների, 11.4 միլիոն դրամից աճել է մինչև 43.7 միլիոն դրամ՝ ավելանալով ավելի քան 4 անգամ կամ շուրջ 400 տոկոսով։

Այս ցուցանիշը դժվար է համարել սովորական կամ շուկայական աշխատավարձի վերանայում։ Հայաստանի պատմության մեջ նման մասշտաբի աճը հազվադեպ հանդիպող երևույթ է, հատկապես այն պայմաններում, երբ խոսքը վերաբերում է ամբողջությամբ պետական սեփականություն հանդիսացող ընկերությանը։

Քննադատության առիթ է տալիս նաև այն հանգամանքը, որ «Հայփոստ»-ը, ըստ ֆինանսական հաշվետվությունների, տարին ավարտել է 523 մլն դրամ վնասով։ Այսինքն՝ պետական ընկերությունը չի արձանագրել այնպիսի ֆինանսական արդյունքներ, որոնք ինչ-որ տեղ կարող էին արդարացնել ղեկավարի վարձատրության նման կտրուկ աճը։

Ստացվում է զավեշտալի իրավիճակ. պետական միջոցներով ֆինանսավորվող ընկերության ղեկավարը սեփական աշխատավարձը հասցնում է երկրի ամենաբարձր վարձատրվող պաշտոնյաների աշխատավարձերի մակարդակին, մինչդեռ ընկերությունն ինքն աշխատում է վնասով։ Սա անխուսափելիորեն առաջ է քաշում բազմաթիվ հարցեր՝ ի՞նչ չափանիշներով է կայացվել նման որոշումը, ո՞վ է այն հաստատել և ի՞նչ արդյունավետության ցուցանիշներով է այն հիմնավորվել։

Տարօրինակ զուգադիպությամբ Շուշան Ալեքսանյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինն է։ Այս հանգամանքն էլ իր հերթին է նոր հարցեր առաջ բերում՝ արդյո՞ք պետական համակարգում գործում են բոլորի համար հավասար կանոններ, թե որոշ պաշտոնյաների ընտանիքներ այնուամենայնիվ արտոնյալ են։