Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 17:38 25-06-2026

Երևանի ավագանու ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց մեղադրյալ չկա

Մերի Հակոբյան

Լրագրող

Երևանի ավագանու նիստերի ընթացքում միջադեպերն ու փոխադարձ վիրավորանքները նոր երևույթ չեն։ Վերջին տարիներին նմանատիպ բախումներ և անգամ ծեծկռտուքներ արձանագրվել են ոչ միայն ավագանու նիստերի, այլև Ազգային ժողովի նիստերի ժամանակ։ Սակայն այդ միջադեպերից հետո պատասխանատվության ենթարկողներ և իրավական լուրջ հետևանքներ չեն եղել։ Եվ այս անպատժելիությունը նպաստում է, որ նման տգեղ դեպքերը կրկնվեն։

Այս անգամ ևս Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»,- նշել է Ավդալյանը։

ՔԿ խոսնակի փոխանցմամբ՝ այս պահին որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։ Տպավորություն է, որ այս անգամ ևս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի։

«Այս պահին որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չկա։ Նախաքննություն է իրականացվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու հունիսի 23-ի հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվել էր, «Մայր Հայաստան» ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամների միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք։

Ամենից շատ դիտված