copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:19 25-06-2026

ԵԽԽՎ-ում կոչ են անում պատժամիջոցներ կիրառել թուրք պաշտոնյաների դեմ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) 28 պատգամավորի կողմից ներկայացվել է բանաձև, որը վերաբերում է Թուրքիայում իրավունքի գերակայության խախտումների համար պատասխանատու դատավորներին, դատախազներին և պետական պաշտոնյաներին։

Բանաձևում նշվում է, որ Օսման Քավալան շարունակում է մնալ անազատության մեջ՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներին և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախաձեռնած խախտման ընթացակարգին։ Բանաձևի հեղինակները պնդում են, որ Քավալայի նկատմամբ դատական գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական​​ կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիթաշի գործը, օգտագործվել են քաղաքական նպատակներով լռեցման համար։

Բանաձևում ընդգծվում է, որ ենթադրյալ ապօրինի կալանքի համար պատասխանատվություն են կրում ոչ միայն առանձին պաշտոնյաներ, այլև դատավարությանը ներգրավված դատավորներն ու դատախազները՝ որպես համակարգի մաս։

Փաստաթղթում հիշատակվում է նաև Յուքսել Յալչընքայայի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որը նախագծի հեղինակները ներկայացնում են որպես Թուրքիայում իրավունքի գերակայության խնդիրների կարևոր ցուցիչ։

Նախագծի համաձայն՝ Թուրքիայում համակարգային կերպով խախտվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի սկզբունքներից մեկը՝ «առանց օրենքի՝ հանցագործություն չկա» դրույթը։ Հեղինակները պնդում են, որ խնդիրը վերաբերում է ոչ թե առանձին դեպքերի, այլ հազարավոր գործերի։

Փաստաթղթում նշվում է, որ այս հարցը կարող է առնչվել ՄԻԵԴ-ում քննության սպասող ավելի քան 8 հազար և թուրքական դատարաններում գտնվող ավելի քան 100 հազար գործերի։

Բանաձևի եզրափակիչ մասում կոչ է արվում Եվրոպայի խորհրդի անդամ և դիտորդ պետություններին, ինչպես նաև ԵՄ-ին դիտարկել «Մագնիտսկու օրենքների» կամ նմանատիպ իրավական մեխանիզմների կիրառումը այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ բանաձևի հեղինակների, պատասխանատու են Օսման Քավալայի գործով իրավունքի խախտումների համար։

Եթե նման միջոցներ կիրառվեն, դրանք կարող են ներառել՝ մուտքի և վիզայի արգելքներ, արտասահմանում գտնվող ակտիվների սառեցում, ինչպես նաև միջազգային ֆինանսական գործարքների սահմանափակումներ։

Բանաձևը դեռևս չի նշանակում, որ պատժամիջոցներն արդեն ընդունվել են։ Նշենք, որ այն ներկայացված առաջարկ է, որը պետք է քննարկվի ԵԽԽՎ-ի շրջանակում։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից