Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 09:00 23-06-2026

Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես՝ պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի շուրջ բարձրացած աղմուկը, լույս սփռեցին իշխանությունների որդեգրած գործելաոճի և քաղաքական երկակի ստանդարտների վրա։ Մինչ պետական ամբիոններից և իշխանամերձ լրատվամիջոցներով օրեր շարունակ թիրախավորվում էր ընդդիմադիր թեկնածուի ՌԴ քաղաքացիության փաստը, իշխող «էլիտայի» կառկառուն դեմքերից մեկի՝ ՀՀ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանի ընտանիքի պարագայում տիրում է կատարյալ լռություն։

Պաշտոնական տվյալների և պետական ռեգիստրների ուսումնասիրությունից ուշագրավ իրականություն է բացահայտվում․ ըստ ՀՀ ընտրողների պաշտոնական ռեգիստրի՝ Գնել Հենզելի Սանոսյանը, Հենզել Բենյամինի Սանոսյանը և Վարդան Հենզելի Սանոսյանը հանդիսանում են հարազատ եղբայրներ ու գրանցված են Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նույն հասցեում։



Ռուսաստանի պետական ռեգիստրի տվյալներով՝ Վարդան Հենզելի Սանոսյանը 2021 թվականի սեպտեմբերի 6-ին ՌԴ-ում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր, իսկ գրանցման փաստաթղթերում նրա կարգավիճակը հստակ նշված է որպես ՌԴ քաղաքացի։



Այսպիսով, մինչ Հայաստանում տնտեսական ճգնաժամ է, Սանոսյանի՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող եղբոր՝ Վարդան Սանոսյանի մոսկովյան բիզնեսը, ըստ ռուսական պաշտոնական աղբյուրների, գրանցել է 32 միլիոն ռուբլի տարեկան հասույթ, ընդ որում՝ ընկերության ընդհանուր կապիտալի արժեքն աճել է 360%-ով, իսկ զուտ շահույթի ցուցանիշը գրանցել է անհավանական՝ 2793% աճ։



Երբ խոսքը վերաբերում էր Նարեկ Կարապետյանին, իշխանական պատգամավորներն ու իրավապահները գործի անցան կայծակնային արագությամբ՝ հայտարարելով, որ «Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները սրբություն են», և օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնողը չի կարող տեղ ունենալ հայաստանյան քաղաքականության մեջ։
Սակայն, եթե շարժվենք հենց իշխանության սահմանած տրամաբանությամբ և նախադեպով, ապա ծագում են հետևյալ կոշտ հարցադրումները. եթե Նարեկ Կարապետյանի ՌԴ անձնագիր ունենալ-չունենալու հարցը քննարկվում էր պետական մակարդակով, ինչո՞ւ երբևէ չի բարձրաձայնվել կամ ստուգվել բարձրաստիճան պաշտոնյայի հարազատ եղբոր՝ ՌԴ քաղաքացի լինելու և այնտեղ միլիոնների շրջանառություն ունենալու փաստը։ Կամ՝ որքանո՞վ է ապահովագրված ՀՀ պետական համակարգը օտարերկրյա (այս դեպքում՝ ՌԴ) ազդեցությունից, երբ ռազմավարական նշանակության նախարարություն ղեկավարած անձի ընտանիքի անդամը հանդիսանում է ՌԴ քաղաքացի և իր տնտեսական բարեկեցությամբ ուղղակիորեն կախված է ռուսական շուկայից։

Պաշտոնական Երևանը հանրությանը հրամցնում է «դեպի Եվրոպա» գնալու, Ռուսաստանի հետ կապերը խզելու և արևմտյան արժեքներ որդեգրելու օրակարգը։ Շարքային քաղաքացիներին կոչ է արվում հրաժարվել ռուսական վեկտորից, մինչդեռ իշխանության վերնախավի ընտանիքները հաջողությամբ ձեռք են բերում ՌԴ քաղաքացիություն, հիմնավորվում Մոսկվայում,ստեղծում մեծ կապիտալ և գրանցում հարյուրավոր տոկոսների շահույթ։

Ստացվում է մի պատկեր, որտեղ սովորական մարդկանց վրա փաթաթում են արտաքին քաղաքականությունը փոխելու ծանր ու վտանգավոր բեռը, իսկ իշխանավորների ընտանիքները նախընտրում են ծաղկել հենց այն երկրում, որին հրապարակավ քննադատում են։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական կեղծավորություն, որտեղ օրենքն ու սկզբունքները գործում են միայն ընդդիմախոսներին լռեցնելու, այլ ոչ թե սեփական թիմակիցների կապերը բացահայտելու համար։