Այսօրվա Կերչի նեղուցով լաստանավային փոխադրումները ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին հայտնում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կերչի նեղուցի Տեմրյուկի շրջանում հարձակման է ենթարկվել «Պանագիա» լաստանավը: Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Չուշկա գյուղի նավթային տերմինալում։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։
«Հունիսի 21-ից Կերչի նեղուցով լաստանավային փոխադրումները ժամանակավորապես չեն իրականացվի»,-ասված է ՌԴ Կրասնոդարի երկրամասի օպերշաբի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կապված Ղրիմի կամրջով երթևեկելու արգելքի հետ՝ ծանր բեռնատար տրանսպորտի վարորդները պետք է ընտրեն այլընտրանքային ցամաքային երթուղի՝ Ռ - 280 մայրուղին Դոնի Ռոստովով, Տագանրոգ, Մարիուպոլ, Մելիտոպոլ և Սիմֆերոպոլ: