Եթե Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նման ընտրություններ լինեին նախկինում, Եվրոպական երկրներն առնվազն պրոբլեմային կդիտարկեին, բայց քանի որ շարժվում են երկակի ստանդարտներով, աչք են փակում աննախադեպ ընտրախախտումների վրա։
Այս մասին մի քանի ԶԼՄ–ներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով` այսօր Եվրոպան քննադատում է այս կամ այն արարքը` ելնելով նրանից, թե ով է դրա կատարողը, «իրենց մարդն է», թե ոչ։
«Իրական պատկերն այսօր սա է, և դա մեծ պատասխանատվություն է նաև ԵՄ երկրների համար և Եվրոբյուրոկրատիայի համար, որովհետև իրենք ուղղակի աճեցնում են հերթական բռնապետին, ի դեպ, որի փորձը ունեն տարբեր այլ երկրներում»,– ասաց Քոչարյանը։
Ըստ երկրորդ նախագահի` այս ընտրություններում ամենաարտառոցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն էր, որով ԲՀԿ–ն ուղղակի չանցավ խորհրդարան։
«Քիչ էր այդ հանգամանքը, հաջորդ օրը ԿԸՀ նախագահը հարցազրույց է տալիս և փորձում է հիմնավորել, թե ինչու է ինքը դա արել, և իր հիմնավորմամբ պատճառը հետևյալն է՝ վերաքվեարկությունը կոպիտ ասած՝ լավ բան չի։ Քո գործը օրենքը կատարելն է, այլ ոչ թե օրենքի մեկնաբանությունը և սենց յուրահատուկ մեկնաբանությամբ օրենքի խախտումը։ ԿԸՀ նախագահը, հանձնաժողովի բոլոր անդամները այդ հանցանքը կատարել են, բայց ժամանակը որ գա, իրենք ցուցմունք են տալու իրենց վրա ճնշումների մասին։ Դա խոստովանություն է հանցագործության մասին, և դատախազությունը դրանով պետք է զբաղվի, եթե իսկապես դատախազություն է»,– ասաց Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ չկա մի լծակ, որ գործադիր իշխանությունը կարող էր օգտագործել ու չի օգտագործել։
ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց, որ ինքը չէր պատկերացնում, որ կլինեն նման բռնաճնշումներ, այս աստիճանի ազդեցություն բյուջետային համակարգի վրա, այս քանակի կալանավորումներ, քրեական գործեր։ Վստահ է, նման ընտրախախտումների կեսն անգամ չի եղել այլ ընտրությունների ժամանակ։