Մեկնարկել է «Թուրքիա-Հայաստան ճամփորդական հիմնադրամի» 2026-2027-ի շրջանի դիմումների ընդունման գործընթացը։
Այն իրականացվում է Հրանտ Դինքի հիմնադրամի նախաձեռնությամբ և Եվրոպական միության աջակցությամբ՝ Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև ուղիղ կապերը մեծացնելու և բոլոր ոլորտներում համագործակցելը խրախուսելու համար։
Վերոնշյալ հիմնադրամը 2014-ից սկսած հնարավորություն է տվել ավելի քան 650 մարդու այցելել Թուրքիա ու Հայաստան։ Թուրքիայում կամ Հայաստանում գրանցված կազմակերպությունները կարող են դիմել 10․000-ից մինչև 60․000 եվրո դրամաշնորհային աջակցություն ստանալու համար։
Նախագծերը պետք է լինեն միջսահմանային տնտեսական համագործակցության, երկխոսության և միջժողովրդական կապերի զարգացման համար: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հուլիսի 30-ն է:
Նախագծի վերաբերյալ հայտարարություն է տրամադրել Հրանտ Դինքի հիմնադրամը, որտեղ նշվել է, որ հիմնադրամի շրջանակներում տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են երաժիշտները, ճարտարապետները, միջազգային հարաբերությունների մասնագետները, քաղաքագիտության ուսանողները, ռեժիսորները, լուսանկարիչները, հետազոտողները և գաստրոնոմիայի մասնագետները Թուրքիայի և Հայաստանի բազմաթիվ քաղաքներից այցելում են Թուրքիա ու Հայաստան։ Նրանք քննարկում են համագործակցության հնարավորությունները և փորձ ձեռք բերում սահմանների հատման հարցում։
Աղբյուր՝ Ermenihaber.am