Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 13:00 19-06-2026

Ինչու է ՔՊ-ն վիրավորում ՀՀ քաղաքացուն ու սահմանափակում նրա իրավունքը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ՔՊ-ական պատգամավորների հեղինակած օրենքի նախագծով՝ ՀՀ-ում ընտրություններին և հանրաքվեներին իրավունք կունենան մասնակցել այն քաղաքացիները, որոնք տարվա մեջ առնվազն 183 օր բնակվել են ՀՀ-ում։

Ինչո՞ւ են սահմանափակում ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը։

Քննադատները ենթադրում են, որ այս օրենքի հիմնական նպատակը ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը սահմանափակելն է։ Այս միտումը նոր չէ և միայն Հայաստանում չէ։

2003-ին Ռոբերտ Քոչարյանը սահմանափակեց ՀՀ-ից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը։ Այդ ժամանակ վախ կար, որ ՌԴ-ում ապրողները կընտրեն Դեմիրճյանին, ու Քոչարյանը կպարտվի։

Վրաստանում ևս սահմանափակվել է վրացական սփյուռքի ընտրելու իրավունքը, քանի որ դրսում ապրող վրացիները ևս ընդդիմությանն են ձայն տալիս։

Վերջին ընտրությունների շրջանում վախ էր տարածվում, թե ՌԴ-ից միլիոնավոր ՀՀ քաղաքացիներ են գալու և ընդդիմադիր ուժերին են ընտրելու։ Գուցե իսկապես շատ մարդ է եկել ու ընտրել ընդդիմադիր ուժերին։ Սակայն պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2026-ի վերջին ամիսներին ՌԴ-ից ՀՀ եկող ՀՀ քաղաքացիների թիվը պակաս է, քան 2025-ի նույն ժամանակահատվածում եկողներինը։

Սակայն այս վիճակագրությունը չի փարատում իշխանության կուսակցության վախերը, և նրանք սահմանափակում են ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը, եթե նա տարվա մեջ 183 օր Հայաստանում չի ապրել։

Ինչո՞ւ են այսքան վախենում։ Եվ մի՞թե այս ռիսկը չեզոքացնելու միակ ձևը իրավունքի սահմանափակումն է։

Նախ նկատենք, որ եթե այսպիսի սահմանափակում մտնի, ապա ընտրողների թիվը մոտ մեկ միլիոնով կպակասի՝ կազմելով մոտ 1,5 մլն, քանի որ մոտ 1 մլն ՀՀ քաղաքացի տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի լինում։ ՆԳՆ-ն ընտրողների ցուցակ կազմելիս արդեն պետք է հաշված լինի, թե ՀՀ քաղաքացիներից ովքեր 183 օր ՀՀ-ում չեն անցկացրել։

Դրսում ապրող, աշխատող ՀՀ քաղաքացիների իրավունքները սահմանափակելը նաև հակաժողովրդավարական է։ Այսպիսով ուղղակի սահմանափակում են ՀՀ քաղաքացիների իրավունքը միայն նրա համար, որ նրանք ֆիզիկապես ՀՀ-ում չեն ապրել։ Իրավունքի առումով այս օրենքը խնդրահարույց է և արդարացում չունի։

Սա նաև վիրավորական է ՀՀ քաղաքացու նկատմամբ, քանի որ ակնարկ է պարունակում, թե հայրենիքից դուրս ապրող հայը կորցնում է ողջախոհությունը, մոռանում է, որ ՀՀ քաղաքացի է, և կարող է գերակա համարել ոչ թե ՀՀ ազգային շահերը, այլ այն օտար երկրի շահերը, որտեղ ապրում է, և քվեարկել այդ օտար երկրի շահերից ելնելով։

Այսինքն՝ ՔՊ-ականները կարծում են, թե դրսում ապրող ՀՀ քաղաքացին չի կարող հասկանալ, թե որն է ազգային շահը և կքվեարկի ՀՀ պետության դեմ։ Իսկ եթե 183 օրից ավելի է ապրել, ապա ճիշտ կքվեարկի։ Սա անապացուցելի է, չկա այդպիսի սոցիալական հետազոտություն, որը կապացուցի այս սահմանափակման տրամաբանությունը։

Կարճ ասած՝ ՔՊ-ի այս օրենսդրական նախաձեռնությունն անհեթեթ է, անհիմն ու վիրավորական։ Դրա փոխարեն՝ իշխանությունները կարող են պարզ, հասկանալի քաղաքականություն վարել, որ ՀՀ քաղաքացին հասկանա ու ճիշտ ընտրություն կատարի՝ անկախ այն բանից, թե ՀՀ-ում քանի օր է ապրել՝ 183 օրից ավելի՞, թե՞ պակաս։

Սրանից զատ՝ ՀՀ իշխանությունները կարող են խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր երբեմնի երկրների օրինակով լյուստրացիա անել և օրենքով սահմանափակել ռուսական գործակալների մուտքը քաղաքական ասպարեզ։ Եթե դա էլ չօգնի, ապա կարող են կոպիտ չգրանցել այն ուժերին, որոնք ռուսական դրոշով են մասնակցում ընտրություններին։ Քաղաքական կամք պահանջող այս քայլերի փոխարեն՝ ՔՊ-ական իշխանությունը սահմանափակում է իր քաղաքացիների իրավունքները՝ կասկածելով նրանց ողջախոհությանը, հայրենասիրությանն ու հոգեկան առողջությանը։

Ամենից շատ դիտված

17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը