ՀՀ վարչական դատարանն այսօր կքննի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված հայցերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների դեմ։
Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ԲՀԿ խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։
Ինչպես հայտնի է, հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն, ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։ Հունիսի 12–ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց նաև թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։
«ՀՀ վարչական դատարանն այսօր կքննի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված հայցերը՝ ԿԸՀ–ի 254 և 255 Ա որոշումների դեմ, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները»,– գրել է նա։