Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 20 ժամ առաջ - 18:00 10-06-2026

Գիտական կոնֆերանսնե՞ր, թե՞ բյուջետային տուրիզմ․ ԵՊՀ-ում ԱԳՆ-ից շատ են ճանապարհորդում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մինչ հայաստանյան բարձրագույն կրթական համակարգը բախվում է ֆինանսական սուղ միջոցներ ունենալու, շենքային վատ պայմանների և գիտական ցածր ֆինանսավորման խնդիրներին՝ Երևանի պետական համալսարանը 2026 թվականի ապրիլին իրականացրել է ավիատոմսերի այնպիսի շռայլ գնումներ։

2026 թվականի ապրիլին Երևանի պետական համալսարանի ավիատոմսերի ձեռքբերման ծախսերը գրեթե կրկնակի գերազանցել են Արտաքին գործերի նախարարության նույն նպատակով կատարված ծախսերը։ Այս ցուցանիշը հատկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ բարձրագույն կրթության համակարգը շարունակում է բախվել ֆինանսավորման և ենթակառուցվածքային մի շարք խնդիրների։

Այս անգամ ուշադրության կենտրոնում պաշտոնական գործուղումների անվան տակ իրականացվող ավիատոմսերի ձեռքբերումներն են, որոնց տվյալների թեկուզ մակերեսային ուսումնասիրությունը ողջամիտ կասկածներ է առաջացնում կոռուպցիոն սխեմաների առկայության մասին։ Ներկայացված պաշտոնական հաշվետվությունների փաստական տվյալների վերլուծությունը վկայում է անվերահսկելի բյուջետային վատնումների և կասկածելի «ուսումնական» ուղևորությունների մասին։



Մինչդեռ Երևանի պետական համալսարանը, որի հիմնական գործառույթը բարձրագույն կրթության կազմակերպումն է, ներկայացրել է 38 տարբեր թռիչքների ցանկ։ Հետաքրքրական է, թե ո՞ւմ համար է Մայր բուհը ձեռք բերել ավիատոմսերի այս հսկայական խմբաքանակը, և ինչո՞ւ է կրթական հաստատության ճամփորդական աշխարհագրությունն ավելի ընդարձակ, քան երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Այս ուղևորությունների մի մասը գիտական կոնֆերանսներ են։ Եթե դա այդպես է, ապա առաջանում է տրամաբանական մի հարց. ինչո՞ւ այդ մասին ոչ մի խոսք չկա ԵՊՀ պաշտոնական էջում։ Եթե բուհի դասախոսներն ու գիտնականները մեկնում են միջազգային կարևորագույն հարթակներ՝ զեկույցներ կարդալու և համալսարանի անունը բարձր պահելու, դա պետք է լիներ Մայր բուհի լրատվական էջերի գլխավոր թեման։ Լռությունը ստիպում է մտածել, որ «գիտական» անվան տակ թաքցվում է սովորական բյուջետային տուրիզմը։

Մայր բուհի կողմից գնված ավիատոմսերը պարզապես ապշեցնում են․ Երևան-Ռիո դե Ժանեյրո-Երևան ուղղությամբ 4 տոմսի համար վճարվել է 6 մլն 72․015 դրամ։ Հարց է առաջանում՝ ի՞նչ կարևոր գիտական հայտնագործություն է արել ԵՊՀ-ն Բրազիլիայում, որի մասին հանրությունը մինչ օրս չգիտի։

Սանտո Դոմինգո-Երևան-Սանտո Դոմինգո ուղղությամբ մեկ էկոնոմ դասի տոմսի արժեքը կազմել է 882․774 դրամ։

Վաշինգտոն-Երևան-Վաշինգտոն ուղևորության մեկ տոմսի համար վճարվել է 553․980 դրամ։

Ինչպես երևում է ԵՊՀ-ի աղյուսակից, տոմսերի ճնշող մեծամասնությունը գնվել է ոչ թե ուղիղ ավիաընկերություններից, այլ մասնավոր միջնորդներից՝ Trip.com, Kiwi.com, booking.com։ Պետական կառույց հանդիսացող բուհը, որը պետք է առաջնորդվի խնայողության և թափանցիկության սկզբունքով, խոշոր գումարներ է փոխանցում արտասահմանյան տուրիստական բրոկերներին։ Թե ում համար են գնվել այս տոմսերը, դա դեռ պետք է պարզել։

Փաստաթղթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կրթական հաստատությունում բյուջետային միջոցները փաստացի ծառայել են անձնական ճամփորդությունների ֆինանսավորմանը։

Եթե ԵՊՀ-ի կողմից իրականացված այս թանկարժեք գործուղումները իսկապես գիտական այցեր են, ապա հաստության ռեկտորը պարտավոր է հանրությանը ցույց տալ դրանց հաշվետվություններն ու արդյունքները։

Հակառակ դեպքում կարող ենք արձանագրել՝ գիտության զարգացման փոխարեն տեղի է ունենում պետական միջոցների համակարգված մսխում և գաղտնի շրջագայություններ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանի հետ՝ հասկանալու համար ի՞նչ նպատակով մայր բուհը նման քանակի ավիատոմսեր գնել, ինչո՞ւ այդ այցելությունների մասին բուհի պաշտոնական կայքում տեղեկություններ չկան, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Եթե այս հրապարակումից հետո վերջինս պարզաբանումներ ներկայացնելու ցանկություն ունենա, ապա պատրաստ ենք լսել դրանք և հրապարակել։

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար