Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 օր առաջ - 13:00 10-06-2026

Գերիների ազատման հույս է արթնանում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է անպարտ ճանաչել իր պաշտպանյալին։

Հնարավո՞ր է Բաքվի դատարանն ազատ արձակի Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին ռազմաքաղաքական մյուս ղեկավարներին և բոլոր հայ գերիներին։

Հանրային խոսույթում ակտիվորեն քննարկվող այս հարցի վերաբերյալ շրջանառվում է երկու վարկած։

Առաջին՝ առավել տարածված վարկածով, մարդիկ հոռետեսություն են հայտնում, Արայիկ Հարությունյանի պաշտպանի խոսքը երեսպաշտություն են որակում։ Նրանց կարծիքով՝ Բաքուն պաշտպանի այս հայտարարությամբ փորձում է պատրանք ստեղծել, թե այս դատավարությունը ֆարս չէ, ադրբեջանցի փաստաբաններն Ալիևի թելադրանքով չեն առաջնորդվում, այլ իրապես փորձում են ազատել, արդարացնել իրենց պաշտպանյալներին։ Այսինքն՝ սա խաղ է, որի նպատակն է աշխարհին ցույց տալ, թե Արցախի նախկին ղեկավարների հանդեպ դատավարությունն արդար է, վենդետա չէ, Հայաստանի դեմ ուղղված չէ և այլն։ Այնինչ բոլորը գիտեն, որ իրականում հակառակն է։ Հայաստանում, աշխարհի բազմաթիվ երկրներում, բազմաթիվ իրավապաշտպան միջազգային կառույցներում գիտեն, որ սա կեղծ, շինծու դատավարություն է, որի նպատակն է դատական շոու կազմակերպել Արցախի ղեկավարների նկատմամբ։

Հետևաբար՝ ենթադրվում է, որ դատարանը հաշվի չի առնի փաստաբանի խնդրանքը և անպարտ չի ճանաչի Արայիկ Հարությունյանին և մյուսներին։

Կա նաև լավատեսական վարկած, ըստ որի՝ Արայիկ Հարությունյանն ու մյուսներն առաջիկայում ազատ կարձակվեն։ Եվ այս լավատեսության հիմքերը բազմաթիվ են։ Փաստաբանները դատարանում կփորձեն ինչ-ինչ փաստարկներով իրենց խոսքը հիմնավորել և բոլորին համոզել, որ այս մարդիկ հանցագործ չեն, մեղավոր չեն։ Եվ դատարանն էլ հաշվի կառնի պաշտպանների խոսքը և ազատ կարձակի Արայիկ Հարությունյանին և մյուսներին։ Ազատման այս ձևը կցրի կասկածը, թե գերիների ազատ արձակումը մութ գործարքի արդյունք է։

Նախքան հունիսի 7-ը ասում էին, թե ընտրություններից հետո առաջընթաց կլինի գերիների ազատման հարցում։ Ենթադրվում էր, որ եթե Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն ազատ արձակվեին նախքան հունիսի 7-ը և գային Հայաստան, ապա կարող էին ներգրավվել քաղաքական պայքարում, ընդդիմադիր լուրջ ուժ դառնալ, քննադատել Փաշինյանին և նպաստել ՔՊ-ի պարտությանը։ Իսկ հիմա, երբ ՔՊ-ն արդեն վերընտրվել է, ապա Բաքուն կարող է ազատ արձակել Արցախի նախկին ղեկավարներին, առաջին հերթին՝ Արայիկ Հարությունյանին, որը Նիկոլ Փաշինյանի զինակիցն է համարվում, ընտրվել է Թավշյա հեղափոխությունից հետո, կատարել է Փաշինյանի ցուցումները պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ ու հետո։ Եվ եթե ՀՀ իշխանությունը ջանք է գործադրում գերիների ազատ արձակման հարցում, ապա ենթադրելի է, որ առաջին հերթին կձգտի ազատել Արայիկ Հարությունյանին, հետո՝ մյուսներին։

Մյուս կողմից՝ մեծանում են ԵՄ-ի ակնկալիքները Հայաստանի հետ կապված։ ԵՄ-ում իրապես հույս ունեն, որ Փաշինյանը հունիսի 7-ին հաղթելուց հետո ՀՀ անկախության ու ժողովրդավարության պաշտպանության համար ռեալ քայլեր է անելու։ Ենթադրելի է, որ ԵՄ-ն հայ գերիների հարցով ճնշում է գործադրել Ադրբեջանի վրա՝ ակնկալելով, որ ՀՀ իշխանությունը կգնահատի սա և անկախության ու ժողովրդավարության համար ռեալ քայլեր կանի, չի ձգձգի։

Թուրքիան և Ադրբեջանը հրապարակային ակնարկներով պաշտպանել են Փաշինյանին՝ ակնկալելով, որ նա կկատարի իրենց պահանջները՝ հայ-ադրբեջանական սահմանի, տարածքների, ճանապարհների, Սահմանադրության վերաբերյալ։ Այս առումով՝ Բաքվում պահվող Արցախի ղեկավարները պատանդ են։ Եվ եթե ՀՀ իշխանությունն առաջիկայում կատարելու է Բաքվի պահանջները, ապա ենթադրելի է, որ Բաքուն ազատ է արձակում պատանդներին, որպեսզի մեղմվի հայ հանրության հավաքական ընդվզումն առաջիկա զիջումների առիթով։

Ի վերջո՝ ի՞նչ խաղաղություն, երբ Բաքվում տասնյակ հայ գերիներ կան։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, շնորհավորելով Փաշինյանին, ակնկալիք է հայտնել, որ կարագանա խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ Իսկ Բաքվում հայ գերիների առկայությունը մեծ ստվեր է գցում խաղաղության գործընթացի, ԱՄՆ միջնորդության ու ԹՐԻՓՓ-ի վրա։ Հետևապես՝ խաղաղության գործընթացն ու ԱՄՆ միջնորդությունը լրջացնելու համար ենթադրելի է, որ առաջիկայում ազատ կարձակվեն Արայիկ Հարությունյանն ու մյուս պատանդներն ու գերիները։

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար