«Սա ավելի շատ մարդկանց վախեցնելու նպատակ ունի, բայց կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությանը ծառայած որևէ մարդ չպետք է վախենա»,–
Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան վերադարձած քաղաքացիներին զորահավաքային ծանուցագրեր հանձնելու դեպքերին։
Բաբայանի խոսքով՝ տեղի ունեցածը իրավականից ավելի քաղաքական ենթատեքստ ունի։
«Սա ընտրությունների հետ իրենք են կապում։ Ի վերջո, հենց «վարչապետի» աշխատակազմի ղեկավարի տեղակալի մակարդակով այս թեման ներկայացվեց այդ ֆոնի վրա»,– նշեց նա։
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների նախկին հայտարարություններին՝ իրավապաշտպանը հիշեցրեց, որ նախկինում խոսվում էր Ռուսաստանից եկող քաղաքացիների հնարավոր կապերի մասին։
«Հիմա, փաստորեն, որևէ ապացույց չունենալով՝ փորձում են այլ մեթոդներով ճնշում գործադրել մարդկանց վրա»,– ասաց Բաբայանը։
Նրա կարծիքով՝ նման քայլերը որևէ տրամաբանական հիմնավորում չունեն։
«Եթե նույնիսկ կասկած ունեն, որ մարդիկ գործակալներ են, ապա ինչո՞ւ պետք է նրանց տանեն զինվորական ծառայության կամ զորահավաքի։ Դա պարզապես տրամաբանությունից դուրս է»,- նշեց նա։
Իրավապաշտպանը համոզված է, որ հիմնական նպատակը հանրության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելն է։
«Հանրությանը փորձում են վախեցնել՝ ցույց տալով, թե ընդդիմությանը ձայն տալու կամ որոշակի քաղաքական դիրքորոշում ունենալու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ Բաբայանը նշեց, որ ինքն անձամբ չի հիշում նախադեպ, երբ օդանավակայանում արտերկրից վերադարձած քաղաքացիներին նման կերպ ծանուցումներ հանձնվեին։
«Ես նման դեպքերի չեմ հանդիպել։ Չեմ կարող ասել, որ նախկինում օդանավակայանում նման պրակտիկա եղել է»,– ընդգծեց նա։
Իրավական հետևանքների մասին հարցին պատասխանելով՝ Բաբայանը նշեց, որ ինքնին ծանուցագիր ստանալը դեռևս իրավական խնդիր չի առաջացնում։
«Ծանուցումն ինքնին որևէ խնդիր չի ստեղծում։ Հարցն այն է, թե դրանից հետո ինչ գործողություններ կկատարվեն և ինչ ազդեցություն կունենան քաղաքացիների իրավունքների վրա»,– եզրափակեց իրավապաշտպանը։