Oragir.News-ը ամիսներ առաջ՝ «
ՀՀ-ում արդեն պրոբացիայի տակ գտնվողներն են գողություն անում» վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ անդրադառնալով 2025 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանի Առնո Բաբաջանյան 49 շենքում տեղի ունեցած բնակարանային գողությանը։
Պարզվում է՝ կրկնակի գողության հեղինակ, պրոբացիոն ռեժիմում գտնվող ամբստանյալ Հրաչյա Մարգարյանը ոչ միայն չի դատապարտվել, օրենքով սահմանված կարգով պատիժ չի կրել, այլև ազատորեն շրջում է՝ կատարելով հանրության համար խիստ վտանգավոր հանցանքներ։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական տվյալների համաձայն՝ Հրաչյա Մարգարյանի դեմ հարուցվել է նոր քրեական գործ։ Գործը գտնվում է Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Մարտին Արզումանյանի վարույթում։
Մեղադրական եզրակացության բովանդակությունը փաստում է. Հրաչյա Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք և գտնվելով հարբած (ոչ սթափ) վիճակում, վարել է տրանսպորտային միջոց:

Թվում էր, թե բնակարանային գողությունների շղթան բավարար հիմք էր անձին հասարակությունից մեկուսացնելու համար, սակայն ՀՀ իրավական իրականությունը հակառակն է ապացուցում։
Չնայած կատարված գողություններին և իրավապահների տեսադաշտում գտնվելուն, Հրաչյա Մարգարյանի առօրյան ոչ մի կերպ չի տարբերվում օրինապաշտ քաղաքացիների կյանքից. նա ազատ շրջում է քաղաքում՝ անտեսելով իր դեմ հարուցված քրեական գործերը։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ
Oragir.News-ը կրկին անդրադարձել էր այս թեմային՝ «
Հաշմանդամ երեխա ունեցող հանցագործները այլևս չե՞ն դատվի» վերտառությամբ հոդվածում։ Հրապարակման մեջ քննության էր առնվել դատարանի մեկ այլ որոշում։ «Դատալեքս» հարթակում հրապարակված նոր փաստաթղթերից պարզ էր դարձել, որ մի շարք գողությունների գործով մեղադրվող Հրաչյա Մարգարյանի խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաներ, որոնցից մեկը՝ առողջական լուրջ խնդիրներով։
Դատական ակտում մասնավորապես նշվել էր, որ ազատազրկումը, ընտանիքից մեկուսացված լինելու պայմաններում, կարող է էական ազդեցություն ունենալ ընտանիքի անդամների իրավունքների և շահերի վրա։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով մեղամցվել է պատասխանատվության չափը։
Այսպիսով, Հայաստանի իրավապահ և դատաիրավական համակարգը հերթական անգամ ապացուցում է, որ պատժի անխուսափելիության սկզբունքը գործում է ընտրողաբար։
Ինչ վերաբերում է Հրաչյա Մարգարյանի կողմից վերը հիշատակված գողության դեպքին, ապա, որքան էլ տարօրինակ է, մինչ օրս իրավապահ մարմիններին չի հաջողվել հայտնաբերել հափշտակված գույքը՝ ընդհանուր 6,320,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, այդ թվում՝ մատանիներ, շղթաներ, ականջօղեր, կախազարդեր և թևնոցներ։