copy image url
Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 13:30 22-05-2026

Թողեք՝ լրտեսներն աշխատեն, ինչո՞ւ եք բռնում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Երբ քաղաքական բարձր պաշտոն է զբաղեցնում քաղաքականապես սակավակիրթ, քաղաքական սկզբունքներ, արժեքներ ու համոզմունքներ չունեցող մարդը, ապա նրանից սպասելի են անհեթեթ, անտրամաբանական, սխալ և աղետալի որոշումներ, որոնք նա ընդունում է՝ հաճախ առանց հասկանալու դրանց հետևանքները։ Լավատեսները կարծում են, թե Նիկոլ Փաշինյանն առանց հասկանալու է սխալ ու անհեթեթ բաներ ասում և անում։ Մյուսներն էլ կարծում են, թե նա պարզապես ժողովրդին հիմարի տեղ է դնում։

«Այսօր էլ կան լրտեսներ, որոնց մասին գիտենք, որ լրտեսներ են, բայց իրենք չգիտեն, որ մենք գիտենք։ Այն պահին, երբ ճիշտ համարենք գործողություն իրականացնել, այդ պահին էլ կանենք, որպեսզի մեր օպերատիվ հետաքրքրությունն ամբողջությամբ բավարարվի։ Որոշումը կայացվում է այն ժամանակ, երբ հասկանում ենք՝ ամեն ինչ արդեն գիտենք, նոր բան իմանալ չենք կարող, հետևաբար պետք է անցնել գործողության և կասեցնել այն»,- մայիսի 22-ին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։

Ո՞ւմ է փորձում հիմարի տեղ դնել Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր երբեմնի բախտակից երկրներում ռուսական լրտեսներ բացահայտվել են դեռևս 1990-ականներից։ Արևելյան Եվրոպայի երկրներում, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Ուկրաինայում բազմաթիվ լրտեսներ են ձերբակալվել, դատապարտվել ու արտաքսվել։ Օրինակ՝ գերմանական Շտազիի արխիվների գաղտնազերծումից հետո պարզվեց, որ Արևելյան Գերմանիայի բնակչության մոտ մեկ երրորդը խորհրդային տարիներին կապված է եղել խորհրդային հատուկ ծառայությունների հետ։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այդ երկրներում ռուսական գործակալական ցանցերը լայն տարածում ունեին, և դրանց մի մասը հետագայում ևս շարունակել է աշխատել Ռուսաստանի օգտին։

Ակնհայտ է նաև, որ Մոսկվան ձգտում է ռևանշի՝ փորձելով վերականգնել իր ազդեցությունը Հայաստանում, նախկին խորհրդային մյուս հանրապետություններում և անգամ Արևելյան Եվրոպայի երկրներում։ Ուկրաինայի դեմ պատերազմը ևս հետևանք է Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ձգտման։ Բնականաբար, Ուկրաինայում, հատկապես վերջին շրջանում, բազմաթիվ ռուսական լրտեսներ են ձերբակալվել։

Սակայն Հայաստանում 35 տարվա ընթացքում ռուսական լրտես չի բացահայտվել։ Տարօրինակ էր, որ մեզ հետ նույն շրջանում անկախացած գրեթե բոլոր երկրներում ռուսական լրտեսներ են հայտնաբերվում, իսկ Հայաստանում՝ ոչ։ Նույնիսկ Բելառուսում են ռուսական մեկ լրտես բռնել, իսկ Հայաստանում՝ ոչ մի։ Ինչո՞ւ այս երկրներում ռուսական լրտես բռնել են, իսկ մեզ մոտ չեն բռնել։

Այսօր Փաշինյանը պատասխանեց այդ հարցին՝ բացատրելով, թե ինչու Հայաստանում երբեք ռուսական լրտեսներ չեն բռնել։ Պարզվում է՝ նրանց պարզապես թողել են աշխատեն՝ ի վնաս Հայաստանի։ Այսինքն՝ ռուսական լրտեսները ամիսներով, տարիներով, նույնիսկ տասնամյակներով գործել ու գործում են՝ վնաս հասցնելով հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։

Առաջին հայացքից այս բացատրությունն անհեթեթ ու ծիծաղելի է։ Հակառակ դեպքում կարելի է պարզապես ծաղրել խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր բախտակից երկրներին, որոնք չունեին Փաշինյանի տրամաբանությունը, երևակայությունը, հեռատես չէին՝ բռնում, դատում կամ արտաքսում էին ռուսական լրտեսներին, այնինչ՝ պետք է Փաշինյանի պես թույլ տային, որ ռուսական լրտեսները շարենակեին աշխատել։

Դժվար է հավատալ, թե այդ երկրների հատուկ ծառայություններն ու օպերատիվ կառույցները Հայաստանի ԱԱԾ-ից պակաս հզոր էին, չունեին օպերատիվ հետաքրքրություններ կամ Փաշինյանի չափ երևակայություն, որ թույլ տային լրտեսներին ազատորեն գործել՝ վնաս հասցնելով պետությանը, ժողովրդին ու տարածաշրջանին։

Ուշագրավ է նաև, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ որևէ տեղ չի նշվում Ռուսաստանի անունը։ Անհասկանալի է մնում, թե ո՞ր երկրի օգտին լրտեսության մեջ է կասկածվում տվյալ քաղաքացին։

Կարճ ասած՝ սա լրտեսական սկանդալ չէ, այլ սուտլիկ որսկանի պատմություններից մեկը։ Սուտլիկն այս պարագայում կարող էր ասել՝ «Երեք լրտես բռնեցինք, երկուսի վերաբերյալ փաստ չկար, իսկ երրորդի պարագայում պարզ չէր, թե որ երկրի օգտին է գործել»։ Եթե իրոք այս ամենը սուտ պատմություն է, ապա անիմաստ են վատնվում հարկատուների միջոցները՝ վարույթներ հարուցելու, քննչական, օպերատիվ ու հետախուզական գործողություններ իրականացնելու համար։ Իսկ եթե իսկապես կան ռուսական լրտեսներ, ապա, Փաշինյանի տրամաբանությամբ, պետք է պարզապես թողնել, որ շարունակեն աշխատել, ինչպես նախորդ 35 տարիների ընթացքում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ