Ուղիղ եթեր
ԻնստաNews 2 շաբաթ առաջ - 18:00 17-05-2026

ԻՆՍՏԱ NEWS. Մենք զոհ չենք, այլ ազատության մարտիկներ. հայրենասիրությունը զզվելի է, եթե միայն կենացներով է. Արթուր Խաչենց

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԻՆՍՏԱ NEWS-ի տաղավարում այսօր հյուրընկալվել էր երգիչ, երգահան, պոետ և 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցը։

Պատերազմի բովով անցած արտիստը հարցազրույցի ընթացքում հանդես է եկել հուզիչ, սթափեցնող և չափազանց անկեղծ հայտարարություններով՝ անդրադառնալով հայրենիքին, պատերազմին, կեղծ հայրենասիրությանն ու Արցախի կորստից հետո իր ապրումներին։

Արթուր Խաչենցը նշում է, որ պատերազմի ավարտից հետո էլ իր ներսում պայքարը չի դադարել։ Նրա ձևակերպմամբ՝ հայ մարդու համար խաղաղությունը հարաբերական է. «Ինձ համար խաղաղություն չկա, ողջ կյանքն է պատերազմ»։

Անդրադառնալով մարտի դաշտ մեկնելու գաղափարախոսությանը՝ նա շեշտեց, որ հայ զինվորը երբեք մահվան հետևից չի գնում. «Մենք հանուն ապրելու ենք կռիվ գնում, ոչ թե մահվան։ Մեր թշնամին ուրիշ ձև է հաճախ դա վերագրում, բայց մենք պայքարում ենք մեր տարածքը պահելու համար, ոչ թե ուրիշի ունեցածը գրավելու։ Ինչպես ասում էր «Արաբո» ջոկատի հրամանատարը՝ «Տղե՛րք, մենք հերոս չենք, իրենք են նապաստակ»։ Մենք պարզապես ցանկանում ենք մեր ինքնությանը տեր կանգնել»։

Արթուրը կտրականապես դեմ է հայությանը որպես զոհ ներկայացնելու թեզերին։

Նրա խոսքով՝ պատերազմի դաշտում հայ տղաները չեն պարտվել. «Մենք զոհ չենք, մենք ազատության մարտիկներ ենք։ Պատերազմում մենք չենք պարտվել։ Հայրենասիրությունը զզվելի բան է, եթե սահմանափակվում է միայն երգելով ու կենացներ ասելով։ Պետք է հայրենանվեր լինել, և մի բան էլ դո՛ւ տաս քո հայրենիքին»։

Նա նաև պատմեց առաջնագծում կանանց սխրանքների մասին և պարզաբանեց, թե ինչու էր պատերազմից տեսանյութեր հրապարակում. «Ես տեսել եմ կռվի դաշտում այնպիսի կանանց, ովքեր կռվում են, ու ես այդ ժամանակ հասկացա, որ առյուծը էգ ու որձ չի ճանաչում։ Իսկ հոլովակները ես չեմ տեղադրել, որ հայտնիություն ձեռք բերեմ, այլ որ հարազատներս պարզապես իմանան՝ ողջ եմ»։

Երգահանը մեծ մտահոգություն հայտնեց նաև ապագա սերնդի կրթության վերաբերյալ՝ նշելով, որ ազգային արժեքների կորուստը կործանարար կարող է լինել. «Մարդկանց ասում են, որ դպրոց են կառուցում, բայց ես վախենում եմ՝ ի՞նչ են սովորեցնում այնտեղ։ Եթե երեխան դպրոցում չի սովորում, որ իր այբուբենը Մեսրոպ Մաշտոցն է հիմնել, վաղը այդ թաթար-մոնղոլական ցեղերը գալու են մեր հայրենիքին տեր դառնան»։

Խոսելով քաղաքականության մասին՝ Խաչենցն ընդգծեց, որ իր միակ կուսակցությունը սեփական ազգն է. «Ես Նժդեհի ու Անդրանիկի պես մի կուսակցության եմ պատկանում, և դա հայն է։ Ես պատկանում եմ հայ զինվորին։ Խնդիրն այստեղ հողը չէ, մենք մի օր կարող ենք դա հետ բերել, բայց մարդկային կյանքը... Այդ 1000, 5000 տղաները, որ ասում են, հո հավի ճտե՞ր չեն։ Այդ տղաները մեզնից լավն էին, բայց այսօր մեզ հետ չեն»։

Արթուր Խաչենցը խիստ քննադատեց թշնամու հետ հաշտվելու և «խաղաղության դարաշրջանի» կեղծ թեզերը՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի խոսքերը. «Թուրքին ներել նշանակում է թույլ տալ երկրորդ ցեղասպանությունը։ Նժդեհն ասել է՝ «Թուրքը իժ է, ինչքան էլ սիրես, տաքացնես, կբարձրանա ու կխայթի»։ Մենք խաղաղության մասին ենք խոսում, իսկ մեր թշնամին մեր եկեղեցիներն է բնաջնջում։ Ես թուրքին չեմ վստահի, նրա հետ հարևանություն չեմ անի։ Այն մայրերը, որոնց որդիները չկան, ցանկանում են ապրել միայն նրա համար, որ տեսնեն՝ այն հողը, որի համար իրենց որդիները կյանք են տվել, հետ կբերեն։ Ո՞նց կարող ենք թուրքի հետ հարևանություն անել, նույնիսկ 100 տարի հետո չենք համակերպվի»։

Հարցազրույցի վերջում արտիստը պատմեց նաև իր անձնական կյանքի և ամուսնության մասին, որը պլանավորում էր անել Արցախում, սակայն ստիպված է եղել փոխել վայրը:

«Փոքր ժամանակվանից ուզում էի 7 օր, 7 գիշեր հարսանիք անել։ Բայց, ցավոք, Արցախում չէինք։ Ինձ համար կարևոր էր Արցախին մոտ լինելը. գնացինք Տաթև, Խուստոփ բարձրացանք... 4 օր հարսանիք արեցինք՝ մեր հնարավորությունների չափով»,- եզրափակեց Արթուր Խաչենցը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին