Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 4 շաբաթ առաջ - 13:30 07-05-2026

Ինչու է Ալեն Սիմոնյանը պատրաստվում այցելել Բաքու

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Իլհամ Ալիևը չեկավ Երևան, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցեց հեռավար ելույթով։ Ինչո՞ւ Երևան չեկավ Ադրբեջանի նախագահը։

«Ես չգիտեմ՝ ինքն ինչու չեկավ, բայց ես էլ եմ պատրաստվում հարմար առիթի, եթե հրավեր լինի, այցելել Ադրբեջան: Եվ իմ գործընկերոջն էլ (նկատի ունի՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային- խմբ.) հրավիրում եմ Երևան»,- մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու Ադրբեջանի նախագահը հայտարարված խաղաղության պայմաններում չեկավ Հայաստան, ֆիզիկապես չմասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, մինչդեռ վարչապետ Փաշինյանն արդեն հայտարարել է, թե հույս ունի, որ երկու տարի հետո կկարողանա մասնակցել Բաքվում նախատեսված գագաթնաժողովին։

Ալեն Սիմոնյանն իրոք չէր կարող տեղյակ լինել, թե Ալիևն ինչի՞ց վախեցավ ու չեկավ Երևան։ Գուցե Ադրբեջանի նախագահի անվտանգությունն ապահովող ծառայությունն է խորհուրդ տվել չգալ Հայաստան, քանի որ դեռ թարմ են պատերազմի վերքերը։ Հավանաբար՝ նրանք վախ ունեն, որ պատերազմից տուժած մարդը կարող էր թքել Ալիևի վրա, հայհոյել նրան, եթե նա մյուս առաջնորդների հետ շրջեր Երևանի փողոցներում։ Իսկ եթե գար Երևան ու վախենար դուրս գալ մարդամեջ, ապա հիմք կտար կասկածի, որ փոքրոգի է։ Հաղթել է, բայց վախենում է։

Հիշենք, որ Արցախից հայերի բռնի տեղահանումը որոշ իրավաբանների կողմից որակվում է որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն։ Գուցե միջազգային իրավունքի մասնագետներն են Ալիևին խորհուրդ տվել չգալ Երևան, քանի որ կա ռիսկ, որ Երևանում նրան կարող են ներկայացնել մեղադրանք մարդկության դեմ հանցագործություն կատարելու համար, կալանավորել, հետո փոխանակել Բաքվում գերված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ։

Եվրոպական խորհրդարանն օրեր առաջ բանաձև էր ընդունել, անդրադարձել Բաքվում պահվող հայ գերիներին և այլ հարցերի։ Ենթադրաբար՝ Ալիևը վախեցել է, որ Երևանում եվրոպացի առաջնորդները կճնշեին իրեն, կհանդիմանեին Արցախի հայերին բռնի տեղահանելու, Բաքվում հայ գերիներին հանիրավի պահելու համար։ Գուցե նաև կարողանային խոստում կորզել Ալիևից հայ գերիների ազատման և Հայաստան ուղարկման, Արցախ հայերի վերադարձի, իրավունքների ու ազատությունների վերականգնման մասին։

Այս ենթադրություններն անհիմն չեն։ Բազմաթիվ ընդդիմադիր ուժեր գագաթնաժողովի օրերին ցույցեր էին անում Երևանում, պահանջում ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։ Եթե Ալիևը գար, ապա կարող էր հայտնվել հանրային այդ պահանջի կոնկրետ հասցեատիրոջ կարգավիճակում։

Այս ենթադրությունների ֆոնին Ալեն Սիմոնյանը, Բաքու այցելելու պատրաստակամություն հայտնելով, խիզախություն է դրսևորում։ ԱԺ նախագահը, հավանաբար, հավատում է, որ ադրբեջանցիները իրոք խաղաղություն են ուզում։ Ի տարբերություն Ալիևի, Սիմոնյանը պարտված երկրի ներկայացուցիչ է։ Ուստի և՛ ռիսկերը, և՛ վախերն այս պարագայում էապես տարբեր են։ ՀՀ-ում չկան ադրբեջանցի գերիներ, ՀՀ-ն մարդկության դեմ հանցագործություն չի գործել։ Ադրբեջանում նույնիսկ ժողովրդավարություն չկա։ Եվ գրեթե բացառվում է, որ Ալեն Սիմոնյանի այցի կապակցությամբ հանրային ցույցեր կլինեին նրան հասցեագրված։

Կա նաև էական տարբերություն։ ՔՊ-ական պաշտոնյաների խոսույթն իրոք պացիֆիստական է։ Նրանց խոսքում ադրբեջանցի ժողովրդի հանդեպ ատելություն, թշնամանք չկա։ Ալեն Սիմոնյանը հանդուրժողականություն է ցուցադրում, երբ հարցնում են Հայաստանում ադրբեջանցիների ենթադրյալ բնակեցման մասին։ Այսինքն՝ իսկապես ցույց են տալիս, որ հավատում են, թե խաղաղություն է հաստատված Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ի տարբերություն հայ պաշտոնյաների, Ալիևը ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում։ Նույնիսկ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին հղված ուղերձում նա վիրավորական որակումներ տվեց արցախցիներին, Արցախի ղեկավարներին հանցագործ անվանեց։ Սա ցույց է տալիս, որ նրա խոսքն ու միտքը դեռ պատերազմի, թշնամանքի տրամաբանության մեջ են, նա դեռ պատրաստ չէ խաղաղության։ Եվ ենթադրաբար՝ վախեր ունեն Երևանից, հատկապես՝ Արցախի ազատության մասին երազողից, Արցախ վերադառնալու մասին մտածողից։

Իսկ ՔՊ-ական պաշտոնյաները, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանը պատերազմի հիշողության տակ չեն։ Այնպիսի տպավորություն է, թե նույնիսկ մոռացել են, որ պատերազմ է եղել, պարտվել ենք, կորցրել տարածք, տվել հազարավոր զոհեր։ Եվ այնքան են ձգտում խաղաղության, որ պատրաստ են գնալ Բաքու ու բոլորին հավատացնել, որ խաղաղություն է հաստատված։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել