ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման հարցը չպետք է ներառվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգում։ Նա նշել է, որ Ադրբեջանը գործողություններ է իրականացնում «իր ինքնիշխան տարածքում», և Հայաստանի կողմից այդ հարցի բարձրացումը կարող է դիտարկվել որպես միջամտություն այլ պետության ներքին գործերին։ Ըստ նրա՝ նման հարցերի պետական մակարդակով բարձրաձայնումը կարող է վնասել խաղաղության գործընթացին և սրել լարվածությունը։ Նա հարցադրում է արել՝ «ասենք թե արեցինք, դա ի՞նչ կտա Հայաստանին և նրա քաղաքացիներին»։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Արսեն Թորոսյանի հետ, որ եթե Հայաստանը դատապարտի Արցախում եկեղեցիների ոչնչացումը`դրանով կոնֆլիկտ կսրի»։
Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն չէ այդ մտքի հետ, որոշներն էլ ասացին, որ Արսեն Թորոսյանը չի կարող խելացի բան ասել։
«Ես իրանց ոչ մի բանի հետ համաձայն չեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա վախկոտ մարդու կարծիք է։ «Դա մենակ վախկոտ մարդու կարծիք կարա լինի։ Եթե մարդն իր էությամբ ուժեղ է, մանավանդ իշխանավորը նման արտահայտություն չպետք ա անի, ուրեմն ինչ վախեր ունեն, ինչ աղետալի իրադարձություններ են մեզ սպասում, որ ինքը հիմ նման հայտարարություններ ա անում, անհեթեթություն է»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ անհնար է Արսեն Թորոսյանի հետ համաձայն լինել։ «Արսեն Թորոսյանի հետ ոնց կարելի ա համաձայն լինել, Արսեն Թորոսյանն էդքան խելք ունի, որ ասի»,- ասաց նա։
«Էդ ասողը էշի մեկն ա, ես էլ կանգնեմ իրա ասածները վերլուծե՞մ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․
Արփինե Նավասարդյան