Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 13:00 27-04-2026

Կեղտոտ ոտքերով մի մտեք Քաղաքացու տաճարը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Տախտակների վրա գրվածը պատվիրան դարձավ, քանի որ Մովսեսի առաջնորդած մարդիկ ընդունեցին դրանք որպես պատվիրան։ Մարդիկ հավատացին Աստծուն ու նրա սահմանած պատվիրաններին, արժեքներին, օրենքներին։

Մարդը բարձրագույն արժեք է Արևմուտքում։ Քաղաքակրթական այս նորմը կա ՀՀ 2015-ի Սահմանադրության 3-րդ հոդվածում։ Եթե հաշվի առնենք, որ արժեքն ի սկզբանե սահմանվել է Աստծո կողմից և վերացականորեն նույնացվել Աստծո հետ, ապա կարելի է ասոցիացնել, որ ժողովրդավարական աշխարհում մարդն Աստված է։ Մեր երկրում ՔՊ-ական մեծ ու փոքր պաշտոնյաները մարդուն նույնիսկ մարդու տեղ չեն դնում, սակայն հրապարակային այնպիսի բաներ են ասում, որ ապշել կարելի է։

«Պետության մեր հայեցակարգով և ժողովրդավարության հայեցակարգով՝ քաղաքացին պետության Աստվածն է կամ ավելի ճիշտ՝ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդն է պետության Աստվածը»,- ասել է վարչապետ Փաշինյանը ապրիլի 25-ին Մարալիկում։ Նրա բնորոշմամբ՝ ինչպես քաղաքացին պետք է սիրի իր պետությունն, այնպես էլ պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն։ Եվ պետության քայքայումը սկսվում է այն կետում, որտեղ այս բանաձևը խախտվում է։

Ինչո՞ւ է այսպիսի բաներ ասում Փաշինյանը, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։

Եթե քաղաքացին Աստվածն է, ապա այդ ի՞նչ սրբապիղծներ էին հարկային տեռոր անում քաղաքացիների դեմ, թանկացնում սննդամթերքը, կարմիր գծերը, աղբահանությունը, գույքահարկը, տրանսպորտը։ Այդ ի՞նչ անաստված չմարդիկ էին Եռաբլուրում քաշքշում քաղաքացիներին՝ զոհվածների ծնողներին։ Կամ այդ ի՞նչ սրբապիղծ տականքներ էին Բաղրամյան պողոտայում նռնակներ նետում խաղաղ ցույց անող քաղաքացիների վրա։

Օրինակ՝ Բագրատ Սրբազանին ինչո՞ւ չեն ազատ արձակում, նա քաղաքացի չէ՞։ Թե՞ միայն Ամիրյան փողոցում խորոված ուտող, տռճիկ տվողն է Աստված։ Բագրատ Սրբազանը անկախության համար պայքարում ավելի մեծ ներդրում ունի, քան ՔՊ անդամները միասին վերցրած։ Հիշենք միայն նրա՝ 1989-ին գրած «Աղոթք վասն Անկախության»-ը, որը ոգևորել է հարյուրավոր երիտասարդների, ներգրավելով նրանց անկախության համար պայքարի առաջին շարքերում։ Եթե պետություն ստեղծելը արարչագործության հետ եք համեմատում, բա ինչո՞ւ եք նրան հանիրավի պահում կալանքի տակ։ Պետության ստեղծման համար ներդրումը գնահատելի չէ՞։ Թե՞ միայն խորովածի ծխի տակ տռճիկ տալով եք պետություն ստեղծում։

Այս օրինակն էլ բավարար է ապացուցելու, որ Փաշինյանն ազնիվ չէ, չի հավատում իր ասածին։ Սակայն ևս մի փաստ բերենք՝ ցույց տալու, որ Փաշինյանի խոսքը գործի հետ չի համընկնում։ Եթե պետությունն իրապես կարևոր լիներ նրա համար, ապա դուրս կհրավիրեր ռուսական զորքերը։ Աշխարհում ոչ ոք չի կասկածում, որ Ադրբեջանն անկախ է, քանի որ այնտեղ ռուսական զորքեր չկան։ Բայց աշխարհում շատերը հիմք ունեն կասկածելու, որ ՀՀ-ում ժողովուրդն է քաղաքականություն որոշում։ Կարծում են՝ թե Փաշինյանը ռուսական դրածո է, ռուսական շահեր է սպասարկում, քանի որ ՀՀ-ում ռուսական զորքեր կան։ Ով այս պարզ տրամաբանությունը չի հասկանում, թող մի պահ երևակայի, թե ի՞նչ քաղաքականություն կվարեր Թուրքիան, եթե Հայաստանը Թուրքիայում ռազմաբազա ունենար ու տնօրիներ կարևոր ենթակառուցվածքները։

Անկեղծ կլիներ, եթե Փաշինյանն ասեր, որ քաղաքացին ՔՊ-ի համար 2 նշանակություն ունի՝ որպես ընտրող և որպես հարկատու։ Ինչպես ահաբեկելով ստիպում են հարկ վճարել, նույնպես ահաբեկելով էլ ստիպում են ընտրել Փաշինյանին, քաղաքացուն վախեցնելով պատերազմով։ Կարևոր չէ, թե ով է կանգնած այս ահաբեկության թիկունքում՝ Պուտի՞նը, Էրդողա՞նը, Ալիև՞ը, թե՞ այլ ահաբեկիչ։ Պարզ է, որ եթե քաղաքացին իրոք սիրելի լիներ Փաշինյանի համար, ապա քվե ստանալու հարցում ահաբեկության չէին դիմի, անկախության պաշտպանության հարցում հանցավոր անգործություն չէին ցուցաբերի, գործարար Սամվել Կարապետյանին չէին ներքաշի քաղաքականություն ու չէին կարգի գլխավոր ընդդիմադիր։ Այսպիսի բաներ կարող էր անել չբարեկամը, ռուսական դրածոն, որոնց Աստվածը կարող է լինել Կրեմլում նստածը, ոչ ՀՀ քաղաքացին առավել ևս՝ ժողովուրդը։

Կարճ ասած՝ ՔՊ-ի ոտքերը կեղտոտ են Քաղաքացու տաճարը մտնելու, անկախության համար աղոթելու համար։ Նրանք կարող են տռճիկ տալ Ամիրյանում, պարել ռուսների, թուրքերի համար, բայց քաղաքացու ու պետության սրբությանը հաղորդվելու պատրաստ չեն։ Եվ եթե պետության քայքայումը սկսում է քաղաքացու ու պետության հադեպ սիրուց, ապա ՔՊ-ն պետության համար վտանգավոր է, քանի որ քաղաքացու ու պետության հանդեպ ատելության ու արհամարհանքի չափաբաժնով նրանք առաջատար են քաղաքական համայնքում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան