Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ամիս առաջ - 10:25 23-04-2026

Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում, Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում․ Մամուլ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, մարտի 28-ին՝ Ծաղկազարդի օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի՝ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո պաշտոնից ազատվեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը և քննիչ Հակոբ Հակոբկոխյանը։

ArmLur.am-ը հայտնել էր, որ Դավիթ Կիրակոսյանը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի քրոջ որդին է։ Աղմկահարույց միջադեպի գործով աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը։

Դատելով իրավիճակից՝ պաշտոնյաների ազատումից, գործը դատարան ուղարկելուց հետո Կենտրոնի քննչականում կրքերը կհանդարտվեն, սակայն իրավիճակը ավելի է բարդացել։ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի ներքին անվտանգությունը մտել է Կենտրոն քննչական երրորդ բաժին, սկսվել է քննիչների տեղափոխման գործընթաց։ Քննիչներից շատերը չգիտեն, թե ուր կտեղափոխեն իրենց և առկախված վիճակում աշխատում են։

«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ Քննչական կոմիտե, որտեղից, ի պատասխան, հայտնեցին, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»։

«ՔՊ ընտրական ցուցակի 34-րդ համար Լևոն Լևոնյանը աչքի է ընկնում ոչ միայն իր պաշտոնական առաջխաղացմամբ, այլև կուսակցական ակտիվությամբ։ Նա «ուրախ ավտոբուսի» ակտիվ անդամներից է և ներկա է գրեթե բոլոր քարոզարշավներին՝ ցուցադրելով բարձր ներգրավվածություն կուսակցական գործընթացներում։

Լևոնյանի կենսագրական տվյալները վկայում են բավական արագ կարիերայի աճի մասին։ 2025 թվականի մայիսի 19-ին ՀՀ վարչապետի N422-Ա որոշմամբ նա նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Մինչ այդ՝ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

«Ժողովուրդ օրաթերթը» ամփոփելով Լևոն Լևոնյանի հայտարարագրերը՝ արձանագրեց, որ նա համեմատաբար կարճ ժամանակահատվածում հետհեղափոխական Հայաստանում մի շարք պետական պաշտոններ է զբաղեցրել։ Նրա եկամուտները կտրուկ աճել են հեղափոխությունից հետո, ինչպես մյուս բոլորը քպ-ականները»։


«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, ՌԴ իշխանությունները փակել են Վիկտոր Սողոմոնյանի` Հայերի միության նախագահ դառնալու թեման:

Պաշտոնական բացատրությունը եղել է այն, որ «քաղաքական հայացքներ ունեցող անձ չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել»` ապաքաղաքական անձ պետք է լինի հաջորդ նախագահը, որ բոլոր թիմերի ու խմբավորումների հետ կարողանա աշխատել:

Մեզ հասած տեղեկություններով, այս հարցում ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը, ով իր թեկնածուն ունի եւ ուզում է նրան նստեցնել Արա Աբրահամյանի աթոռին:

«Հրապարակ» թերթը գրում է․ 44-օրյա պատերազմում անհայտ կորածների հարազատները դիմել են ընդդիմադիրներին՝ ԱԺ-ում լսումներ կազմակերպելու խնդրանքով, որ պահանջեն պատկան մարմիններից՝ հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը։

Եվ քանի որ 2 խմբակցությունն էլ սպառել են ԱԺ կանոնակարգով մեկ կիսամյակում մեկ անգամ լսումներ հրավիրելու իրավունքը, եւ դա կարող է անել մշտական հանձնաժողովը, ապա կազմակերպչական հարցերն իր վրա է վերցրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը։

Սակայն երեկ խորհրդարանը մերժել է նրա հայտը՝ ԱԺ նիստերի մեծ դահլիճում լսումներ անցկացնելու մասին, առաջարկել է ավելի փոքր՝ 334 սենյակը։ Թե ինչու են մերժել, երեկ ԱԺ աշխատակազմից չհաջողվեց պարզաբանում ստանալ, սակայն ծնողներն էլ համաձայն չեն փոքր դահլիճին, քանի որ 181 հոգով են ուզում գալ։

«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է` Եկեղեցու դեմ արշավում կարծես թայմ աուտ է վերցրել` մինչեւ ընտրությունների ավարտը, սակայն, մեր տեղեկություններով, Եկեղեցին քանդելու ծրագիրն անշեղորեն առաջ են տանում:

Կառավարական աղբյուրից տեղեկացանք, որ հաջորդ քայլը լինելու է ՀԱԵ ֆինանսական հիմքերին հարվածելը: Եվ դա անելու են ոչ թե ՀՀ տարածքում, այլ՝ արտերկրում: Ուզում են աշխարհով մեկ սփռված ՀԱԵ թեմերին պատկանող մոտ 600 անշարժ գույքի` տարբեր օբյեկտների, եկեղեցական իրերի արտադրությունների, բարեգործական հիմնադրամների ու հաշիվների դեմ իրավական գործընթացներ սկսել:

Այդ նպատակի համար որոշել են օգտագործել սփյուռքում ապրող իրենց հավատարիմ մարդկանց: Այժմ տեղեկատվություն հավաքելու փուլն է։

«Հրապարակ» թերթը գրում է․ ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը եւ ՌԴ-ում ապաստանած պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատը» միասնական ցուցակով կմասնակցեն ընտրություններին։

Նրանք ապրիլի 18-ին «Մարիոթում» համատեղ համագումար են արել եւ համաձայնության փաստաթուղթ ստորագրել, համաձայն որի՝ Կարապետյանի թիմակիցները ԴՕԿ-ի ցուցակով կմասնակցեն ընտրություններին։

Թե ով կգլխավորի ցուցակը, ամենակարեւոր հարցն է, քանի որ ո՛չ Վարդան Ղուկասյանը, ո՛չ Արշակ Կարապետյանը իրավունք չունեն ցուցակում լինելու:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին