Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 16-04-2026

Ալեն Սիմոնյանի ստամբուլյան շփումները, Ուժեղ Հայաստանից 14 անձի մեղադրանք է առաջադրվել․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 16-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված 14 անդամներին մեղադրանք է առաջադրվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու և ստանալու հոդվածներով, իսկ ավեի ուշ արդեն կոմիտեն պնդել է, որ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արտաշատի ընտրողներին ընտրակաշառք է բաժանվել: Կոմիտեն կից ձայնագրություն է հրապարակել՝ նշելով, որ խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով: Ձայնագրության մեջ ինչ-որ մարդիկ խոսում են գումարների մասին: Փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով, սակայն, դեռևս կուսակցության գրանցումից առաջ հասարակական կազմակերպության շրջանակում են այդ գումարները տրվել որպես աշխատավարձ։ Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը ահազանգել էր իրենց համակիրներին բերման ենթարկելու և խուզարկությունների մասին: Քաղաքական ուժի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի խոսքով՝ 15 մարդ բերման է ենթարկվել, սակայն ըստ նրա՝ նրանց թիվն ավելանում է: Ղահրամյանը գործը «կարված» որակեց, նաև հայտարարեց, որ փաստաբանների մի մասի աշխատանքը խոչընդոտվում է՝ նրանց թույլ չեն տալիս ներս մտնել ու ծառայություններ մատուցել իրենց վստահորդներին, որոշ փաստաբանների ահազանգերից հետո, այդուհանդերձ, հաջողվել է ներս մտնել: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաստատեց, որ իրենց թույլ չէին տալիս մտնել Հակակոռուպցիոնի շենք և միայն ՄԻՊ դիմելուց հետո են կարողացել ներգրավվել: Կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանն էլ լրագրողների հետ զրույցում իրավապահների գործողությունները «բռնաճնշումներ» որակեց իրենց քաղաքական ուժի նկատմամբ ընտրություններին ընդառաջ:

Հայաստանն արդեն 8 տարի ղեկավարող Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է՝ մեզ պետք է «վիրահատական ճանապարհով լուծել» արդարադատության հարցը։ Նա պնդեց, թե այն ինչ տեղի է ունենում արդարադատության համակարգում, խայտառակություն է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում պետք է լինի այնպիսի համակարգ, որը, ըստ նրա, պետք է բխի ժողովրդից, իսկ դրա համար անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, նոր Սահմանադրության անհրաժեշտությունը կապեց երկրում արդարություն ու արդարադատություն հաստատելու հետ՝ դարձյալ ընդգծելով, թե ՀՀ-ում հաստատված իրավակարգի նկատմամբ ալերգիա կա։ Նոր Սահմանադրություն ընդունելու ներքին պահանջ Հայաստանում չկա, դա գալիս է Բաքվից»,- Փաշինյանին հակադարձեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Ըստ նրա՝ այն «փաթեթավորումը, թե արդարադատության պակասով է պայմանավորված», Ադրբեջանի պահանջը քողարկելու փորձ է։ «Դրանով փորձում են քողարկել, ի՞նչ արդարադատություն, արդարադատություն ՀՀ-ում միակողմանի իրականացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից», - ասաց «Հայաստան» խմբակցության անդամը:

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 5.8 միլիոն դոլարի ապրանք է ներկրել, արտահանել՝ 960 դոլարի ապրանք: Այս տվյալներն Ադրբեջանի պետական եկամուտների կոմիտեն է հրապարակել: Ադրբեջանի ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ Հայաստանը հոլանդական վարդեր է վերաարտահանել Ադրբեջան. «Ընթացիկ տարվա մարտ ամսին Նիդերլանդների Թագավորությունից ներկրվել են վարդեր՝ 960 դոլար ընդհանուր արժողությամբ։ Քանի որ մաքսային վիճակագրության հրապարակման կանոնների համաձայն ներկրող երկիր է համարվում գործընկեր պետությունը, դրանք պաշտոնական փաստաթղթերում նշվել են որպես Հայաստանից ներկրված»,- ասվում է հայտարարության մեջ։ Հայկական կողմն առայժմ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության մասին ամսական պաշտոնական վիճակագրություն չի ներկայացրել: Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստան արտահանված 5.8 միլիոն դոլարի ապրանքն Ադրբեջանի արտահանումների ընդհանուր ծավալի 0.11 տոկոսն է: Ադրբեջանական կողմի համաձայն՝ 960 դոլարի ապրանքը Հայաստանից գնել են անցած ամիս: Ադրբեջանի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ու Ադրբեջանի առևտրաշրջանառության սալդոն գրեթե 100 տոկոսով Ադրբեջանի օգտին է՝ - 5,7 միլիոն դոլար: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից հայտնում են՝ մաքսային մարմինը Հայաստանից Ադրբեջան արտահանում չի գրանցել: Թե 960 դոլարի ինչ ապրանք է Հայաստանից Ադրբեջան տեղափոխվել, պարզ չէ: Էկոնոմիկայի նախարարությունից էլ հայտնել են, որ 960 դոլարի արտահանման հետ իրենք կապ չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին