Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 15:00 14-04-2026

ԱՄՆ-ն ու Մոսկվան պայմանավորվել էին Օրբանի պարտության հարցում   

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Փշրվեց այն կարծրատիպը, թե ընտրություններում հաղթելու համար պետք է ունենաս Մոսկվայի կամ Վաշինգտոնի հովանավորությունը։ Օրբանին ցուցադրաբար աջակցում էին և՛ Ամերիկան, և՛ Ռուսաստանը, բայց նա պարտվեց։

Ինչպե՞ս հասունացավ Օրբանի պարտությունը։ Ինչո՞ւ Թրամփի ու Պուտինի հովանավորյալը պարտվեց ապրիլի 12-ին։

Կա պարզ, լավատեսական վարկած, թե Օրբանի պարտությունը հասունացրել է Եվրամիությունը։ Բրյուսելի ջանքերով և աջակցությամբ է հաղթել Պետեր Մադյարը, քանի որ Օրբանն իսկապես զզվեցրել էր վետոներով։ Այս վարկածն ապացուցում է, որ կա եվրոպացի միասնական ժողովուրդ, միասնական երազանքով, արժեքներով և աշխարհընկալմամբ, և հունգարներն այս ժողովրդի ներդաշնակ մասն են։ Ու հենց եվրոպացիներն էլ հաղթել են ընտրություններում։ Այսինքն՝ Եվրոպան հաղթել է ԱՄՆ-ի ու Մոսկվայի հովանավորյալին։ Եվրոպայի թեկնածուն, ավելի մեծ ժողովրդականություն է վայելում ժողովրդավարական երկրներում և հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, քան ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հովանավորությունը վայելողը։

Կա նաև ուշագրավ այլ վարկած։ Սառը պատերազմի տարիներին Հունգարիան հակաքաղաքակրթական ճամբարում էր, որտեղ քաղաքականություն էին որոշում ռուսական դրածոն ու խորհրդային բանակը։ 1956-ի ժողովրդական ապստամբության օրերին զավթիչներն առևանգեցին Հունգարիայի ղեկավար Իմրե Նաձին, տարան Մոսկվա ու գնդակահարեցին, իսկ Բուդապեշտի փողոցներում տանկերով ճխլեցին մի քանի հազար ցուցարարների ու անմեղ քաղաքացիների, բանտ նետեցին մի քանի հարյուր հազար հոգու, որոնք Հունգարիայի ազատության կողմնակից էին։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ ռուսներն իրենց ազդեցության գոտին պաշտպանելու համար կարող էին մի քանի հազար հոգի սպանել, նույնիսկ երկրի ղեկավարին առևանգել ու սպանել։

Սառը պատերազմն ավարտվեց մեծ պայմանավորվածությամբ, ըստ որի՝ խորհրդային զորքերը պիտի դուրս գային Արևելյան Եվրոպայից։ Այս երկրները վերստին անկախություն պետք է ստանային, ազատ ընտրությունների միջոցով ձևավորեին իշխանություններ, անկախ քաղաքականություն որոշեին՝ առանց Մոսկվայի կամ այլ արտաքին դիկտատի։

Հետագայում Ռուսաստանը կայսերապաշտական նկրտումներ դրսևորեց, փորձեց վերականգնել երբեմնի ազդեցության գոտիները։ Ուկրաինայի դեմ պատերազմն այդ ագրեսիվ նկրտումների արտահայտությունն է։ Արևելյան Եվրոպայում նույնպես աջակցել են ռուսամետներին։ Այդ աջակցության արդյունքում էր Օրբանը վարչապետ։

Վերջին տարիներին Օրբանը ռուսամետ գծի վրա էր, վետո էր կիրառում Ուկրաինային տրամադրվող փաթեթների, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վրա։ Սա ամոթալի էր հունգար ժողովրդավարների համար, և ժողովրդի մի մասը մտածում էր Օրբանից ազատվելու մասին։ Ենթադրելի էր, որ Արևմուտքը ևս պիտի մտածեր Հունգարիան Օրբանից ազատագրելու, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ ներդաշնակությունը վերականգնելու մասին։

Չի բացառվում, որ Օրբանն էլ է այս մասին մտածել։ Եվ իր երիտասարդ կուսակիցներից մեկին՝ Պետեր Մադյարին, ներկայացրել է Արևմուտքին որպես իրավահաջորդ։ Եթե Պետեր Մադյարը վարչապետ դառնալուց հետո ԵՄ մյուս նորմալ երկրների պես նորմալ քաղաքականություն վարի, նշանակում է՝ ՌԴ-ն հրաժարվել է Հունգարիայում ունեցած ազդեցության գոտուց։ Այսինքն՝ Մադյարի հաղթանակի վերաբերյալ նույնպիսի պայմանավորվածություն է եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, ինչպիսին Սառը պատերազմի ավարտին էր ձեռք բերվել Արևմուտքի ու Կրեմլի միջև։

Վատն այն է, որ այս վարկածները պրոյեկտելի չեն Հայաստանում սուբյեկտիվ պատճառներով։ Հունիսի 7-ի ընտրություններում ընդդիմադիր դաշտի ուժերը վարչապետի միասնական թեկնածու, միասնական ցուցակ չունեն, միասնական քաղաքական երազանք, ընդհանուր արժեքներ չեն դավանում, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու հարցում ընդդիմադիրների մեջ կոնսենսուս չկա, նույնիսկ անկախության ու ժողովրդավարության պաշտպանության հարցն օրակարգի առաջին տողում չէ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իրավահաջորդ չունի, որը ընդդիմության առաջնորդ կդառնար ու երկիրը դուրս կբերեր այս ամոթալի իրավիճակից, ինչպես Մադյարը Հունգարիայում։

Փոխարենը՝ կան ռուսական աջակցության վրա հույս դրած անուղղելի ռուսամետներ կամ ամերիկյան թվացյալ աջակցությամբ մարդկանց հուսահատեցնողներ, որոնց համար Օրբանի պարտությունը դաս չէ։ Հայաստանում, հավանաբար՝ կարծում են, թե Հունգարիան այլ մոլորակի վրա է, այլ իրականության մեջ, որտեղ այլ օրենքներ են գործում, իսկ ՀՀ-ն այլ՝ հեքիաթային աշխարհում է, որտեղ քաղաքական տրամաբանություն չկա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված