Դատախազության շենքի դիմաց շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները համոզված են, որ հանրային ճնշման մեծացման դեպքում հնարավոր է հասնել կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյան-ի խափանման միջոցի փոփոխությանը։
Oragir.News-ի հետ զրույցում «Նախնյաց հետքերով» կազմակերպության նախագահ Սաիդա Պողոսյանը նշեց, որ նմանատիպ նախադեպ արդեն եղել է։
«Եթե սա լինի շարունակական, արդյունք կունենանք։ Մենք Լիդիա Մանթաշյանի գործով օրեր շարունակ նստացույց արեցինք, և դա արդյունք տվեց: Եթե այստեղ լիներ 1200 մարդ, ես համոզված եմ՝ իրավիճակը կփոխվեր։ Կոչ եմ անում բոլորին՝ ոչ թե միայն սոցիալական ցանցերում ակտիվ լինել, այլ գալ և կանգնել ծնողների կողքին»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով դեպքի շուրջ քաղաքական գնահատականներին՝ Պողոսյանը քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։
«Ես չեմ հավատում Փաշինյանի խոսքերին։ Եթե նա իսկապես աստվածավախ լիներ, այլ կերպ կվարվեր և պատասխանատվություն կկրեր: Եթե մարդը գալիս է եկեղեցի աղոթելու, պետք է լուռ կատարի իր ծեսը։ Այն, ինչ տեղի ունեցավ, ավելի շատ ցուցադրական էր»,– ասաց Պողոսյանը։
Խոսելով նաև այլ հանրային դեպքերի մասին՝ նա նշեց, որ իշխանության արձագանքները հաճախ պայմանավորված են իրավիճակային հաշվարկներով։
«Նիկոլ Փաշինյանը լավ դերասան է և ըստ իրավիճակի է կողմնորոշվում։ Հանրային ճնշումն է ստիպում նման քայլերի գնալ»,– ընդգծեց նա՝ անդրադառնալով Արմինե Մոսիյանի հետ կապված միջադեպին։
Պողոսյանը նաև շեշտեց, որ Արցախի հարցը փակված չի համարում։
«Արցախի հարցը փակված չէ։ Վերադարձ լինելու է՝ լինի դա իրավական, թե այլ ճանապարհով»,– ասաց նա։
Եզրափակելով՝ Պողոսյանը կրկին շեշտեց բողոքի հիմնական նպատակը․ «Եթե մարդը պատասխանատվություն կրի իր գործողությունների համար, մենք այս վիճակում չէինք լինի։ Այս պահին մեր պահանջը հստակ է՝ փոխել խափանման միջոցը և ազատ արձակել երիտասարդին»,– եզրափակեց նա։