Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 7-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
66 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովի արտահերթ նիստում 1-ին ընթերցմամբ ընդունվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Կողմ քվեարկեցին միայն ՔՊ-ական պատգամավորները, դեմ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ «Պատիվ ունեմ»-ը չէր մասնակցում քվեարկությանը։ ՔՊ-ն ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ է որոշել իրենց պնդմամբ «տեխնիկական վրիպակն ուղղել օրենսգրքում», ըստ այդմ՝ կուսակցությունների դաշինքների անվանումները չպետք է անձնավորվեն։ Նախագիծը ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է հրատապության կարգով քանի որ ապրիլի 13-ից ԿԸՀ-ն սկսում է կուսակցությունների և դաշինքների գրանցումը։ Այս խստացումներով առաջարկվում է սահմանել, որ քվեատուփը բացելիս ընտրական հանձնաժողովի նախագահը ձեռքում չի կարող ունենալ որևէ այլ իր՝ բացի քվեարկության ծրարից։ Քվեաթերթիկը կհամարվի անվավեր, եթե դրա վրա առկա լինի որևէ գրառում կամ նշում, ինչպես նաև այն դեպքում, երբ քվեարկության ծրարում քվեաթերթիկից բացի առկա լինի ցանկացած այլ իր։ Այս դրույթը, ըստ հիմնավորման, ուղղված է ընտրակաշառքի հնարավոր վերահսկման մեխանիզմների կանխմանը, երբ ընտրողից կարող են պահանջել ծրարի մեջ դնել իրեն բացահայտող նշան։Նախագծով նաև նախատեսվում է, որ նման դեպքերում քվեարկության ծրարն անմիջապես կմարվի՝ դրա մեջ գտնվող քվեաթերթիկի հետ միասին, և հետագայում այդ քվեաթերթիկները կհաշվարկվեն որպես անվավեր։Փոփոխություններ են առաջարկվում նաև կուսակցությունների դաշինքների անվանման կարգավորման մասով։ Մասնավորապես, վերականգնվում է այն սահմանափակումը, ըստ որի՝ դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց նմանակներ, ինչպես նաև վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններ։ Միաժամանակ առաջարկվում է հանել տեխնիկական բնույթի պահանջը, որով պարտադիր էր դաշինքի անվան ներքո փակագծերում նշել դրա կազմում ընդգրկված բոլոր կուսակցությունների անունները։
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է՝ Ընտրական օրենսգրքում իշխանական խմբակցության առաջարկած փոփոխություններն իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ են: Նրանք այսօրվա ճեպազրույցին հակասահմանադրական որակեցին ընտրություններից 2 ամիս առաջ կատարվող փոփոխությունը, որով թույլ չեն տալու, որ կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակի անձնանուն: «Հերթական անգամ ընդամենը մեկ օր առաջ նախագիծ են բերում, որում տեխնիկական փոփոխություն են անում, որոնցից առանցքայինն այն է, որ թույլ չեն տալիս դաշինքներին կոնկրետ մարդու անվանում կիրառել: Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված, փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումն այս անվանման մեջ», - ասաց «Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Մելոյանը: Մի քանի օր առաջ Սամվել Կարապետյանի ուժը հայտարարեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին: Քաղաքական ուժի անդամները նշում են, որ սա օրենք է Սամվել Կարապետյանի մասին, ուրիշ ոչ մեկին չի վերաբերում: Կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանն այսօրվա ասուլիսին հավելեց, որ ՔՊ-ի այս նախագիծը ցուցադրում է իշխանության վախերը: «Ուժեղ Հայաստանը» խոստանում է իրավական բոլոր գործիքներով պայքարել այս փոփոխության դեմ: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելուն, ապա դաշինքի անդամ Էդգար Ղազարյանը նշեց, որ ՍԴ կարող է դիմել պատգամավորների 1/3 -ը, տվյալ պարագայում ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ երկրի նախագահը:
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Քննարկվել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Ալեն Սիմոնյանի այս շնորահավորանքը հիբրիդային է որակել։ «Ըստ երեւույթին ԱԺ նախագահը Մատվիենկոյին սպառնացել է, որ, եթե չընդունի շնորհավորանքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից»,- նկատել է նա։
Գելլափի կողմից այսօր ներկայացվել են հերթական հարցման արդյունքները։ Հարցին՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք՝ հարցվածների 24,3 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 13,4 տոկոսը՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության, 7,9 տոկոսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կուսակցության, իսկ 5․5 տոկոսը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի օգտին։ Թեպետ բոլոր 4 ուժերն էլ որոշակի դրական աճ են գրանցել, սակայն «Հայաստան» դաշինքը նման արդյունք արձանագրելու դեպքում խորհրդարանում չի հայտնվի, քանի որ անցողիկ շեմը 2 կուսակցությունից բաղկացած դաշինքների համար 8 տոկոս է։ Բացի այդ, «ԴՕԿ» կուսակցությանը հարցվածների 3,1 տոկոսը կքվեարկի, «Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»՝ 1,9 տոկոսը, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 1,7 տոկոսը, «Հայաստանի շնորհապետական կուսակցությանը»՝ 1,5 տոկոս, «Միասնության թևեր»-ին՝ 1,5 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1,1 տոկոսը, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանը՝ 1,1 տոկոսը: Ընդհանրապես չեմ քվեարկի նշել է հարցվածների 8,1 տոկոսը, կփչացնեմ քվեաթերթիկը՝ 2,7 տոկոսը, դժվարանում եմ պատասխանել՝ 14,3 տոկոսը, իսկ հրաժարվել է պատասխանել հարցվողների 11,4 տոկոսը: Հետազոտությունն 1001 քաղաքացիների շրջանում՝ մարտ-ապրիլ ամիսներին։
Մանրամասները՝ տեսանյութում: