Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի քաղաքացիական ամուսնության ավարտից հետո հանրությանը հետաքրքրում է Հակոբյան լքե՞լ է Կառավարության շենքը, որտեղ տարածք էր հատկացվել «Իմ քայլը» հիմնադրամին, թե՞ ոչ։
Oragir.News-ն այս հարցը հստակեցնելու համար փորձեց կապ հաստատել Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ։ Թե՛ Հարությունյանը, թե՛ Բաղդասարյանը հեռախոսազանգերին չպատասխանեցին և չպարզաբանեցին՝ Հակոբյանը լքե՞լ է Կառավարության շենքը, թե՞ ոչ։
Իհարկե հերթական գրավոր հարցումը կուղարկենք Կառավարության աշխատակազմ, սակայն նախորդ փորձի արդյունքներից ելնելով, խոստովանենք՝ ակնկալիքները համարյա զրոյական են։
Հիշեցնենք՝ դեռ 2023-ին
Oragir.News-ը պարզել էր, որ Աննա Հակոբյանին Կառավարությունում
աշխատասենյակներ են տրամադրվել, սակայն օրենքի խախտմամբ մեզ այդպես էլ չէին պատասխանել, թե սենյակների թիվը քանիսն էր ու ի՞նչ իրավական կարգավորումներով էին դրանք տրամադրվել Փաշինյանի այն ժամանակվա կողակցին:
Այն, որ Հակոբյանին Կառավարությունում աշխատասենյակներ էին հատկացվել, երևում էր նրա հրապարակումներից․ նա մի
գրառման մեջ նշել էր, որ Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը կարդացել է ճանապարհին՝ «Երևանի Պռոշյան փողոցից Հանրապետության հրապարակ և հակառակ ուղղությամբ»:
Բազմաթիվ այլ հրապարակումներում երևում էր Կառավարության շենքը, որտեղից հասկացվում էր, որ Աննա Հակոբյանը աշխատում է այնտեղ, գուցե՝ Փաշինյանի անմիջական հարևանությամբ։
Կարծում ենք՝ հայ հանրությունը իրավունք ունի իմանալ, թե Աննա Հակոբյանն, ով այլևս ոչ մի կապ չունի իր «ընտրյալ» վարչապետի հետ, շարունակո՞ւմ է իր հիմնադրամով հանդերձ մնալ աշխատել Կառավարության շենքում, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը մեծ հավանականությամբ կհաստատի կամ կհերքի այն պնդումները, թե Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնալուծությունն իրականում իմիտացիա է։