Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 13:21 01-04-2026

Ինչու է Փաշինյանը եկեղեցում քաղաքական գործունեություն ծավալում

Եկեղեցին աղոթքի վայր է, հոգևոր տաճար։ Այդպես է եղել միշտ։ Առավելագույնը, այստեղ նաև մոմ են վաճառում, Աստվածաշունչ, հավատի հետ առնչվող պարագաներ։ Եկեղեցում քաղաքական գործունեություն ծավալելու նախադեպեր չկան, քանի որ քաղաքական գործիչները հարգում են հավատացյալների կրոնական զգացմունքները, եկեղեցու ներսում քաղաքական ցույցեր չեն անում։ Օրինակ՝ Նադիր շահը 1734-ին Էջմիածնի եկեղեցի է մտել, կոշիկները հանել, ծնկաչոք և արցունքն աչքերին մասնակցել պատարագի, պատարագից հետո դուրս է եկել, հանգիստ գնացել, ոչ ոքի հետ ոչինչ էլ չի խոսել։

Մարտի 29-ին, կիրակի օրը ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի։ Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Ո՞ւմ քաղաքական գործունեությանն են միջամտել եկեղեցում հիշյալ երեք անձինք։

Հարցն ինքնին պարադոքսալ է և իր մեջ հարց է պարունակում։ Խոսքը, ենթադրաբար, Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող ՔՊ-ականների մասին է։ Ուստի իրավապահն այս վարույթով անուղղակի ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ականները եկեղեցի էին մտել ոչ թե աղոթելու, պատարագի մասնակցելու, այլ քաղաքական նպատակներով, այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար։ Իսկ ձերբակալվածները, ենթադրաբար, միջամտել են նրանց քաղաքական գործունեությանը, ինչն էլ հիմք է 452-րդ հոդվածով վարույթ հարուցելու համար։

Այս բարդ իրավիճակից կա ելք։

Քաղաքական համայնքը կարող է խարտիա ստորագրել, պայմանավորվելով, որ ոչ ոք եկեղեցում քաղաքական քարոզչություն չի իրականացնելու, այնտեղ չի կազմակերպելու քարոզարշավ։ Այդու՝ քաղաքական գործիչը եկեղեցում, վանքում իրավունք չունի բարձրաձայն ու բացահայտ ցուցադրել իր քաղաքական հավակնությունները, պարտավոր է խոնարհաբար հետևել ծիսակարգին, չվիրավորել հավատացյալների զգացմունքները։

Պատգամավորները կարող են կուսակցությունների մասին օրենքում համապատասխան փոփոխությամբ սահմանափակել եկեղեցում քաղաքական գործունեությամբ զբաղվելը, կուսակցական մասնաճյուղեր հիմնելը և այլն։ Հոգևորականներն ազատ են զբաղվելու քաղաքականությամբ, բայց եկեղեցու պատերից դուրս։ Եկեղեցու ներսում արգելվում են քաղաքական բովանդակություն պարունակող ելույթները, կոչերը և այլն, բացառությամբ այն հարցերի, որոնք ուղղակի առնչվում են եկեղեցուն, հավատին, եկեղեցու լիազորություններին, գործառույթներին։

Տվյալ պարագայում ՔՊ-ականները քաղաքական գործունեություն են ծավալել։ Նրանք այդ օրը դուրս էին եկել քարոզչության, մարդկանց կրծքանշան ու քաղցրավենիք էին բաժանում, իրենց անելիքների մասին խոսում, խոստումներ տալիս։ Այս իներցիայով էլ մտել էին եկեղեցի։ Այսինքն՝ եկեղեցի մտնելը նույնպես քարոզչական, քաղաքական հետաքրքրությամբ եղել։ Հակառակ պարագայում՝ 452-րդ հոդվածով վարույթ չէր հարուցվի։ Եթե եկեղեցում քաղաքական գործունեությամբ զբաղվելն արգելվեր, ապա քարոզարշավի ելածներն այդ օրը եկեղեցի չէին մտնի, միջադեպն էլ չէր լինի։

Լավատեսորեն կարելի է հույս հայտնել, որ այսպիսի միջադեպերը չեն կրկնվի, եթե ՔՊ-ն դադարի ատելությամբ թունավորել երկիրն ու մարդկանց։ Եթե ժողովրդին վերաբերվեն սիրով, ապա մարդիկ էլ իշխանավորին սիրով կպտասխանեն։ Եթե ատելությամբ լի աչքերով նայեն մարդկանց, բնականաբար, կլսեն՝ «Տենց չնայե՛ս ինձ»։ Ներքին խաղաղություն հաստատելու համար կարող են նաև դադարեցնել հոգևորականների դեմ հետապնդումները, վեհարանի վրա գրոհները, սև ու սպիտակի բաժանելը, պատերազմով վախեցնելն ու նման հակաժողովրդավարական, հակաժողովրդական բաները։

Ինչպես ասում էր նախկին մի պաշտոնյա՝ մո՛ւրճն էլ է իշխանության ձեռքին, մե՛խն էլ։ Նրանք կարող են ժողովրդի և իշխանության միջև ներդաշնակություն, ներքին համերաշխություն ապահովել։ Իսկ եթե չեն ուզում ներքին խաղաղություն, ու նրանց սիրտը կոնֆլիկտ ու քաղբանտարկյալ է ուզում, ապա կարող են ատելություն սերմանել ու միջադեպեր հնձել։

Պարզ ասած՝ ոտք ու գլխով քարոզարշավի մեջ նետված, ուշքն ու միտքն ընտրող հավաքելով զբաղված ՔՊ-ն մարտի 29-ին համոզվեց, որ հավատացյալների շարքերում շատ քիչ ընտրող ունի։ Այսինքն՝ իմաստ չունի եկեղեցում քաղաքական գործունեություն ծավալելը։ Տվյալ դեպքում՝ Փաշինյանը Սուրբ Աննայից ոչ միայն դատարկաձեռն դուրս եկավ, այլև կորցրեց այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու արդյունքում։ Եվ ողջամիտ կլինի, որ նա եկեղեցին թողնի հավատացյալներին և քաղաքական գործունեությամբ զբաղվի այլ հասարակական վայրերում, օրինակ՝ Ազատության հրապարակում, որը մեր ազգային զարթոնքի խորհրդանիշն է, անկախության ու ժողովրդավարության համար պայքարի օրրանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի