Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 20-03-2026

Փաշինյանի ուղղագրական սխալները, Վեհափառին թույլ կտա՞ն Վրաստան գնալ, Ֆիդանյանն ազատվեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 20-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին խոսելիս տվեց նրա ավազանի անունը, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը, ապա պնդեց, որ կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս Ներսիսյանը, Սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել, և այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է։ Լրագրողի հարցին, թե ԱԱԾ տնօրենը քաղաքական գործիչ չէ, ինչպես է Վեհափառի ավազանի անունն օգտագործում, Անդրանիկ Սիմոնյանը պատասխանեց. «Այնպես, ինչպես օգտագործեցի»: ԱԱԾ տնօրենն անպատասխան թողեց լրագրողների հարցը՝ «Դո՞ւք էլ եք միացել եկեղեցին բարեփոխելու ծրագրին, որ օգտագործում եք Կտրիճ Ներսիսյան ձևակերպումը»: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոններից է հայտարարում, թե Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներից ոմանք ԿԳԲ գործակալներ են՝ չհստակեցնելով, թե որ հոգևորականներին նկատի ունի։ Մինչև հիմա Փաշինյանի ղեկավարած կուսակցության կայքում մեկ տեղեկանք է հրապարակվել կաթողիկոսի եղբորը վերագրված, թե Եզրաս արքեպիսկոպոսը ԿԳԲ գործակալ է եղել: Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը հերքել է:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում Իլյա Բ կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։ Այս մասին հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Վեհափառ հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց ուղղափառ եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին»,- հայտնեց տեր Եսային։ Ավելի ուշ նաև հայտնի դարձավ, որ վեհափառի պաշտպանական կողմն արդեն վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել Քննչական կոմիտե։ ՔԿ-ից հայտնեցին, որ միջնորդությունը կքննվի սահմանված ժամկետում։ Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդ հարուցվեց Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Գործի շրջանակներում արգելվել է նրա ելքը Հայաստանից:

Այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջարկ է արել ուղիղ եթերում առանց օգնության գրել «արհամարհել» բառը: Թվում է, թե Փաշինյանն՝ ինքը պետք է իմանա այդ բառի ուղղագրությունը, սակայն պարզվում է, որ ինքն էլ չգիտի: Իր գրառումներից մեկում նա գրել է «առ համարել»: Սակայն Փաշինյանը միայն այս բառի ուղղագրությանը չէ, որ չի տիրապետում, նա, օրինակ, չգիտի «թեստ» բառի ուղղագրությունը, ինչպես նաև «ուխտերթ» բառինը և իր չիմացության հետևանքով իր թիմակիցներին ակամա դարձրել էր «ուղտերթի»՝ սապատավոր կենդանիների երթի մասնակից:


Ընթացիկ 2025-2026 ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով, որը բխում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորման պահանջից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Մարտի 27-ին՝ ժամը 13։00-ին, ուսուցիչների և սովորողների համար նախատեսվում է կազմակերպել էսսեի վերաբերյալ վեբինար-հարցուպատասխան։ Ուսուցիչներն ու սովորողները մինչև մարտի 24-ը ներառյալ պետք է լրացնեն իրենց հետաքրքրող հարցերը, որոնց պատասխանները կներկայացվեն վերոնշյալ վեբինար-հարցուպատասխանի ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան