copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:50 12-03-2026

Հայաստանը պատրաստ է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լիարժեք իրականացմանը. Արփինե Սարգսյան

Մարտի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։

Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է, երբ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար է այցելում Հայաստան, ինչն ընդգծում է երկկողմ համագործակցությունն ու արձանագրված առաջընթացը գնահատելու կարևորությունը։

ՆԳ նախարարը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող, հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP) ողջ ծավալով, ինչը միանգամայն համահունչ է ՀՀ կառավարության ոլորտային բարեփոխումների օրակարգին։ Նրա խոսքով՝ արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են ծրագրով նախատեսված՝ ինչպես միգրացիայի և սահմանների կառավարման, այնպես էլ իրավապահ մարմինների և արդարադատության ուղղություններով աշխատանքները։

Ընդգծվել է նաև, որ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանը համադրելի երկրների համեմատ տպավորիչ կարճ ժամկետում ստացել է Գործողությունների ծրագիրը․ անմիջապես հաջորդել է ՆԳ նախարարության համակարգմամբ իրավասու գերատեսչությունների ջանքերի մեկտեղումը թիրախային և ժամանակին արդյունքներ գրանցելու նպատակով։

Հանձնակատար Բրունները բարձր է գնահատել ներդրված ջանքերը՝ ՀՀ քաղաքացիների շարժունակությունը դեպի ԵՄ երկրներ ազատականացնելու ուղղությամբ և արձանագրել, որ հաստատուն կամքն ու ներդրվող ռեսուրսներն այս ուղղությամբ արդեն իսկ նկատելի և գնահատելի են։ Նա համոզմունք է հայտնել, որ բարձր կատարողականով որակյալ, թիրախային և ժամանակին առաջընթաց գրանցելու Հայաստանի պատրաստակամությունը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։

Նախարար Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը գնահատում է միգրացիոն հոսքերի կառավարմանը միտված ԵՄ ջանքերը և վիզաների ազատականացման գործընթացում հատուկ նշանակություն է տալիս ՀՀ-ից դեպի ԵՄ երկրներ ուղղված անօրինական հոսքերի կրճատմանը, գիտակցված և պատասխանատու միգրացիոն վարքագծի ձևավորմանը։

Հանդիպման ավարտին նախարար Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ շարունակական աջակցության և միայն ՀՀ-ի հետ ակտիվ բանակցային գործընթաց ունենալու համար, նա նաև ընդգծել է պատրաստակամությունը՝ գործնական համագործակցությունը բարձր որակով շարունակելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
09:46 Վենեսուելայում տեղի է ունեցել վերջին 100-ամյակի ամենահզոր երկրաշարժը. կան տասնյակ հազարավոր զոհեր