Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացը Հայաստանում թերևս ամենասպասված ու ռազմավարական քայլերից էր, որին երկիրը պատրաստվում էր շուրջ երեք տասնամյակ։ Այս բարդ ու բազմաշերտ համակարգն իր հետ բերել է ինչպես ակնհայտ դրական տեղաշարժեր, այնպես էլ խորքային, անարդար մեխանիզմներ, որոնք հարվածում են հասարակության ամենաաղքատ շերտերին։
Ոլորտի փորձագետ, ՊԱԳ նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը, անդրադառնալով համակարգի առաջին դրական արդյունքներին, փաստում է, որ ապահովագրական տարրերի մուտքը թույլ տվեց մասամբ թոթափել տարիներով կուտակված սոցիալական լարվածությունը։
Մյուս բեկումնային առաջընթացը, ըստ փորձագետի, կապված է առաջնային օղակում՝ պոլիկլինիկաներում դեղորայքային ապահովման հետ, ինչը նախկինում համակարգի ամենաթույլ ու բաց կողմերից էր։
Այնուամենայնիվ, համակարգի մեդալի հակառակ կողմը, ըստ Ծաղիկ Վարդանյանի, մտահոգիչ է։ Փորձագետը ահազանգում է, որ նոր մոդելը ջնջում է մարդկանց սոցիալական տարբերությունները՝ բոլորին դնելով նույն հարթության մեջ, ինչը խախտում է սոցիալական արդարության սկզբունքը։
Ամենացավոտ խնդիրներից մեկը վերաբերում է նեղ մասնագետների խորհրդատվությունների համար սահմանված համավճարներին, որոնք աղքատության շեմին գտնվող ընտանիքների համար պարզապես աստղաբաշխական թվեր են։
«Բժշկի մոտ խորհրդատվությունների մասով հիմնականում նեղ մասնագետների համար նախատեսված է համավճար։ «Փարոս» համակարգում 35-36 բալ ունեցող անապահով մարդը, որն ունի եկամուտների ցածր մակարդակ, աղքատության բարձր մակարդակ, ապա ինչպես է վճարելու մինչև 12 հազար դրամ մեկ կոնսուլտացիայի համավճարը։ Այստեղ նույնպես հաշվի առնված չեն խոցելի խմբերը, և նրանց համար չեն նախատեսված արտոնություններ, որ նրանք չպետք է վճարեն»,- ասում է փորձագետը։
Բանախոսի պնդմամբ՝ ներկայիս համակարգը ստեղծել է մի իրավիճակ, երբ հսկայական զանգվածի՝ շուրջ 1 միլիոն 800 հազար մարդու հանդեպ ցուցաբերվում է բացարձակ հավասար մոտեցում, ինչն իրականում քաղաքացիների նկատմամբ ամենաանհավասար վերաբերմունքն է։ Ծաղիկ Վարդանյանը ուղղակի զուգահեռներ է անցկացնում նոր մոդելի և տարիներով քննադատված պետպատվերի համակարգի միջև. «Ինչու եմ ես ասում՝ սա նույն պետպատվերն է, ինչով են դրանք տարբերվում քաղաքացու համար։ Ապահովագրված անձը, երբ գնում է բուժօգնություն ստանալու և մտնում է հիվանդանոց, նա ունի տեր՝ ապահովագրական աշխատակից, որն ամբողջ գործընթացի ընթացքում քաղաքացու կողքին է և թույլ չի տալիս, որ նա բախվի բյուրոկրատական խոչընդոտների։ Իսկ այսօրվա առողջության համընդհանուր ապահովագրության ժամանակ, երբ քաղաքացին գնում է հիվանդանոց, եթե խնամի, ծանոթ կամ բարեկամ չունի այդ տարածքում, մի պատուհանից մյուս պատուհանն է վազում։ Նա հայտնվում է նույն պետպատվերի քաշքշուկների մեջ, և քաղաքացին այստեղ իրեն պաշտպանված չի զգում»։
Մանրամասները՝ տեսանյութում։