Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական դաշտում նոր լարվածություն է առաջացրել ռուսական «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանի հնչեցրած հայտարարությունը։
Անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացներին՝ նա բարձրաստիճան մի շարք հոգևորականներին մեղադրել է մանկապիղծ լինելու մեջ։
Այս գնահատականը բացառիկ չէ։ Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս հրապարակավ օգտագործել է մանկապիղծ բնորոշումն՝ ուղղված հոգևորականներին։
Հատկանշական է, որ այս հայտարարությունների առնչությամբ որևէ քրեական վարույթ չի նախաձեռնվել, ինչպես նաև որևէ հոգևորականի նկատմամբ նմանատիպ քրեական վարույթ կամ մեղադրանք առկա չէ։ Այլ խոսքով՝ հրապարակավ հնչեցվել է ծայրահեղ ծանր հանցանքի մասին ենթադրություն՝ առանց իրավական հիմքի։
Ուստի՝ ԱԺ նախագահի հայտարարությունը հոգևորականների մանկապղծության մասին կարող է որակվել զրպարտություն։ Իսկ եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրոք տիրապետում են հանցագործության մասին տվյալների, ապա ինչո՞ւ պատշաճ հաղորդում չեն ներկայացրել իրավապահներին. պարտակե՞լ են, թե՞ չեն գիտակցել, որ լռելով նպաստում են, որ ենթադրյալ ծանր հանցանքն անպատիժ մնա ու կրկնվի։
Oragir.News-ը թեմայի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ «Պիտի խնդրեմ, որ գրավոր հարցում ուղարկեք»,- հայտնեցին դատախազությունից։
Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, պատասխանը լինելուն պես դա ևս կհրապարակվի մեր կայքում։