Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 14:11 04-02-2026

Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր՝ փետրվարի 4-ին հրավիրված տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ պնդեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Գալյանի խոսքով՝ վերջերս եվրոպական կառույցների կողմից զեկույցներ էլ են հրապարակվել, որտեղ այդ մասին ոչինչ չկար:

«Անգամ ընդդիմադիր գործիչները շատ դառնացած նշում են, որ այդ զեկույցներում որևէ հղում քաղբանտարկյալներին մասին չկա: Դա խոսում է այն մասին, որ իրականում դրանք չկան: Նշեմ, որ չի կարելի պատսպարվել քաղաքական հայացքի, մարդու կարգավիճակի հետևում և կատարել ենթադրյալ հանցանք և հետո խոսել ինչ-որ քաղաքական հետապնդումների մասին: Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրում՝ քո կատարած արարքներին պետք է տրվի քաղաքական ենթատեքստ: Կան քրեական գործեր, որոնց քննությունը շարունակվում է: Յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական հետևությունները կարող է անել»,- նշեց նախարարը:

Նշենք, որ որոշ ընդդիմադիրների և իրավապաշտպանների գնահատմամբ՝ ՀՀ-ում տասնյակ քաղբանտարկյալներ կան, որոնց հետապնդումների հիմքում առկա են քաղաքական հանգամանքներ։ Քաղբանտարկյալ են որակվում նաև կալանավորված հոգևորականները։