Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:31 22-01-2026

Փաշինյանն ու Թրամփը շփվել են, Օսկանյանի պատասխանը, Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 22-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում այսօր ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Նախաձեռնությանը միացել են նաև Հայաստանը և Ադրբեջանը: Հանդիսավոր արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նստել էին կողք կողքի, ապա Դոնալդ Թրամփը միացավ և շփվեց վերջիններիս հետ։ Ալիևի հետ Փաշինյանի առանձին հանդիպման մասին չի հաղորդվել, հայտնի չէ՝ նախատեսվա՞ծ է արդյոք եռակողմ՝ ամերիկյան մասնակցությամբ որևէ քննարկում, թե՞ ոչ։ Թեպետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի ֆորումին, նա Շվեյցարիա մեկնեց այսօր՝ միանալու ամերիկյան նախաձեռնությանը: Միացյալ Նահանգների նախագահը թվելով իր պաշտոնավարման օրոք դադարեցված պատերազմները՝ հիշատակեց նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը։ «Հայաստան և Ադրբեջան: Այս առաջնորդներից շատերը դարձան իմ ընկերները: Նրանք հիմա այստեղ են»,- ասել է նա։ Միացյալ Նահանգների նախագահը հինգ տասնյակից ավելի երկրների առաջնորդների է հրավիրել այս հարթակ, ըստ հաղորդումների, հրավեր են ստացել նաև Ռուսաստանի ու Բելառուսի առաջնորդները, սակայն Մոսկվայից և Մինսկից ներկայացուցիչներ այսօրվա միջոցառմանը չկային: Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ, սակայն, Թրամփն ավելի մեծ խնդիրներ է դրել խորհրդի առջև՝ հայտարարելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները: Սակայն շատ փորձագետների համոզմամբ՝ այս քայլով Թրամփը փորձում է նվազեցնել ՄԱԿ-ի դերը, որի արդյունավետությունը Սպիտակ տան ղեկավարը բազմիցս է քննադատել:


Չի կարելի համեմատել Հայաստանի ամբողջ լայնքով՝ արևմտյան սահմանից մինչև արևելյան սահման, 50 տարով երրորդ երկրի լիակատար վերահսկողության տակ տարածք հանձնելն ու երրորդ կողմին որևէ պետական կամ ոչ պետական ձեռնարկություն կոնցեսիոն կառավարման կամ նույնիսկ որպես սեփականություն տրամադրելը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ արձագանքելով Արարատ Միրզոյանի երեկվա ելույթին, որում վերջինս նախկին արտգործնախարարին «ողորմելի» էր անվանել։ «Թույլ տվեք ավելի պատկերավոր ասել, թե ինչ է տեղի ունեցել։ Երևակայեք, որ Ֆրանսիան իր տարածքի շարունակական մի շերտ՝ ամբողջ երկրի լայնքով, Ատլանտյան օվկիանոսի ափից մինչև Գերմանիայի սահման, 50 տարով դնում է երրորդ երկրի լիակատար վերահսկողության տակ։ Կամ պատկերացրեք, որ Միացյալ Նահանգներն անում է նույնը՝ ափից ափ, Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան»,- ասում է Օսկանյանը։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան, և այդ պարտավորությունն ամրագրված է փաստաթղթերով։ Օսկանյանի կարծիքով՝ այս իրավիճակում «ողորմելի» բառի օգտագործումը նույնիսկ չափազանց մեղմ է։ Ավելի վաղ Օսկանյանն անդրադառնալով «Թրամփի ուղու» իրականացման շրջանակին և հիմնվող ընկերությունում 74/26 բաժնեմասերի հարաբերակցությանը, գրել էր՝ «սա Հայաստանի ողորմելիության ինդեքսն է՝ 26»։


Ադրբեջանական գերությունից հունվարի 14–ին վերադարձած Վագիֆ Խաչատրյանին վիրահատում են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Այս մասին բժշկական կենտրոնից հայտնել են Sputnik Արմենիային։ Լրատվամիջոցի տեղեկություններով` բժիշկները սրտի բաց վիրահատություն են անում։ Անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել էին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։ Բաքվի դատարանը 2023 թվականի նոյեմբերին նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ 2025 թվականի հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին: Սրա դիմաց Հայաստանը Սիրիային փոխանցեց 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 2 վարձկան ահաբեկիչներին, ովքեր ցմահ ազատազրկման էին դատապարտվել։


Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի