Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:41 12-01-2026

Վայոց ձորի մարզում բեռնատարը կողաշրջվել է. վիրավոր վարորդին փրկարարները դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում «DONGFENG» մակնիշի՝ ավազով բարձված բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Ելփին բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Փրկարարներից մոտ 1.5 ժամ է պահանջվել, մինչև ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Այդ ընթացքում էլ շտապօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Խաչիկ Գևորգյանն ու կրտսեր պարեկ Դանիել Բաբայանը։

Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։



Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին