Ներքին 6 ամիս առաջ - 13:09 31-12-2025

«Մայր Հայաստանը» մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին

Անդրանիկ Թևանյանը ամանորյա ուղերձ է հրապարակել , որում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տարվա վերջում ընդունված է ամփոփել անցնող տարին, տալ գնահատականներ և նախանշել հետագա անելիքները։

Եթե քաղաքական առումով գնահատելու լինենք 2025–ը, ապա այն անհաջող էր, քանզի Հայաստանը շարունակում է ղեկավարել դավաճանության, պատերազմի, պարտության, ստախոսության խորհրդանիշը։ Քանի դեռ նա գտնվում է Կառավարության շենքում, քաղաքական պայքարի արդյունքները պետք է գնահատել բացասական նշանով։

Մեր երկիրը կարիք ունի նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր էջի։ Պետք է հետևում թողնել հետանկախական շրջանի բոլոր արատավոր բարքերը, քաղաքական աղբանոց ուղարկել օրվա տխրահռչակ իշխանությանը և ապահովել իրական խաղաղություն, իրական զարգացում։

Սրանք առաջարկում են թուրք–ադրբեջանական օրակարգով խաղաղություն, որը նույն վախճանն է նախատեսում Հայաստանի համար, ինչը տեսանք Արցախում։

Արցախում հիմա խաղաղություն է, բայց այն գերեզմանային է մեզ համար, քանզի այնտեղ այլևս հայ չի ապրում։ Մեզ այդպիսի խաղաղություն պետք չէ։

Մենք այդ գերեզմանային խաղաղության փոխարեն ապահովելու ենք իրակա՛ն խաղաղություն։ Դա հնարավոր է բանակի վերականգնմամբ, բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատմամբ, տնտեսության զարգացմամբ, հանրային համերաշխության ապահովմամբ։

Թուրք–ադրբեջանական օրակարգին մենք հակադրում ենք հայկական օրակարգը։ Մեր առաջարկը Հայաստանի քաղաքացուն զերծ է թշնամական պարտադրանքներից, պատանդի կարգավիճակի բերումով անվերջ զիջումներից, թշնամական թելադրանքով հայկական ինքնության և մեր Եկեղեցու դեմ պայքարից։

Սոցիալ–տնտեսական խնդիրները պետք է լուծվեն ոչ թե նեղ խմբակի, այլ հանրության լայն շերտերի համար։ Տնտեսական հարաբերությունները պետք է նվազեցնեն աղքատությունը, թոշակառուների համար արժանապատիվ կյանք ապահովեն, բիզնեսի բոլոր շերտերի համար հարկային տեռորից զերծ քաղաքականություն նախատեսեն։

Սիրելի՛ ժողովուրդ,

2026–ը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի հեռացման տարի։ Նա պետք է հեռացվի, որպեսզի Հայաստանն ապրի։

«Մայր Հայաստանը» մասնակցելու է 2026–ի ԱԺ ընտրություններին և իր կարևոր դերակատարումն է ունենալու իշխանափոխության գործում։

Մենք ստեղծման օրվանից կռիվ ենք տալիս սրանց դեմ բոլոր հարթակներում։ «Մայր Հայաստանը» ներկայացված է Հանրապետության երեք խոշոր քաղաքների տեղական խորհրդարաններում, այդ թվում՝ Երևանում։ Առանց ավելորդ համեստության պետք է արձանագրեմ, որ մայրաքաղաքում մեր թիմն ամենաարդյունավետն է։ Մենք պաշտպանում ենք քաղաքացու շահերը բոլոր հնարավոր մեթոդներով և դա տեսանելի է բոլորին։

Խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցությունը ոչ այնքան մանդատների քանակի, որքան իշխանափոխության հասնելու համար է լինելու։ Այս առումով մենք ընտրություններին կմասնակցենք ամենաարդյունավետ ձևաչափով՝ պատրաստ լինելով ստանձնել մերանի և համախմբողի ֆունկցիան։ Մեր հանրությանը պառակտել են, թշնամացրել են, թուլացրել են։ Մենք համախմբելու ենք, հաշտեցնելու ենք, ուժեղացնելու ենք։

Պետք է մի կողմ դնել իշխանությունների կողմից պարտադրվող նախկինի ու ներկայի հակադրության կեղծ օրակարգը և առաջնորդվել ապագայի օրակարգով։

Մենք հայտարարել ենք, որ ոչ իշխանական դաշտում պետք է, այսպես կոչված, ջրային հրադադար հայտարարվի, դադարեցվի միմյանց դեմ պայքարը։ Իրական ընդդիմադիր ուժերի քաղաքական թիրախում պետք է լինի բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ իր մահաբեր քաղաքականությամբ հանդերձ։
Հարգելի՛ հայրենակիցներ,

2026–ը վճռորոշ տարի է լինելու։ Քաղաքական փոփոխությունների շունչը թակում է բոլորիս դուռը։ Միասնաբար մենք կհասնենք հաջողության։

Նոր Տարվա գիշերը բաժակ բարձրացնելիս պետք է մաղթել բարի ծառայություն մեր սահմանը պահող զինվորների, իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող բոլոր քաղաքացիների, Բաքվում և Երևանում գերության մեջ գտնվողների ազատման, քաղաքական դրական փոփոխությունների, մեր երկրի անվտանգության ու զարգացման համար։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ