Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:45 10-12-2025

Արշակ Սրբազանի քեռու և նրա դստրերի տները խուզարկել են, Վարդանյանի նոր միջնորդությունը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 10-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում խուզարկություններ են իրականացվել։ Այս մասին հայտնել է Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։ «Ես նման տեղեկություն ունեմ։ Երկու բնակարանից էլ առգրավել են բոլոր հեռախոսներն ու համակարգիչները, ինչքան եղել է՝ տարել են։ Ընդ որում` երկու բնակարանում այդ խուզարկությունների արձանագրությունների պատճենները չեն տրվել, իսկ մեկում նույնիսկ խուզարկության որոշումը չի եղել»,- ասել է նա։ Ըստ Բաբայանի՝ սրբազանի հարազատներին նույնիսկ թույլ չեն տվել կապ հաստատել իրենց փաստաբանի հետ։ Հիշեցնենք՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավի ֆոնին մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում էր կատարել, որտեղ հիշատակել էր սրբազաններից մեկին ու վերջինի քեռակնոջը` օգտագործելով վիրավորական և կոպիտ բառապաշար։ Այդ արտահայտության համար նա հուլիսին պարզաբանում էր ներկայացրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Այնուհետև արդեն հոկտեմբերի 25-ին տելեգրամյան ալիքներից մեկը ինտիմ բնույթի տեսագրություն հրապարակեց՝ դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքեց` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել: Արդեն դեկտեմբերի 1-ին Սրբազանը ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ իրեն վերագրվող տեսագրությունները կեղծիք են։ Դրանից հետո սրբազանին 7 տարվա վաղեմության դեպքի մեղադրանքով 2 ամսով կալանավորեցին։

Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել։ Ավելի քան երկու տարի ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող բարերարը պահանջում է հնարավորություն տալ իրեն ծանոթանալ գործի որոշ նյութերին, ինչպես նաև հանել դրանցից մի շարք փաստաթղթեր, որոնք պաշտպանական կողմը համարում է անհիմն և իրեն չառնչվող։ Դատարանը Վարդանյանի միջնորդությանը մինչ օրս պատասխան չի տվել, ինչը հերթական անգամ փաստում է, որ գործընթացը չի տեղավորվում արդար դատավարության որևէ չափորոշչում։ Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 12-ին, որտեղ, ինչպես նախորդ դեպքերում, ակնկալվում է Բաքվի կողմից հերթական ցուցադրական գործընթացը։ Ռուբեն Վարդանյանը գերեվարվել էր 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Հակկարի կամրջի ադրբեջանական անցակետում, որտեղից նա փորձում էր մուտք գործել Հայաստան։

Հակառուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերին մերժել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից: Լրատվամիջոցը դատախազությունից հետաքրքրվել էր նաև, թե ինչ ծավալի գույքն է կասկածելի համարվել, այդ հարցին անդրադարձ չի եղել, այլ մանրամասներ չեն փոխանցվում: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը 2023 թվականին դատախազության այդ գործերով զբաղվող վարչություն էր հրավիրվել, այդ ժամանակ պաշտոնապես հայտարարել էին՝ ուսումնասիրում են նրան պատկանող գույքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան