Արդյո՞ք ավելի է դժվարանալու առողջ երեխա ունենալը, թե՞ դա միայն մտահոգություն է։ Որքանո՞վ է ազդում տարիքը և օդի որակը երեխա ունենալու ռիսկերի վրա։
Oragir.News-ի հետ զրույցում գինեկոլոգ Հռիփսիմե Գրգիգորյանը բացատրում է, թե ինչի պատճառով է դժվարացել առողջ երեխա ունենալը.
«Ստանդարտ մոտեցումն այն է, որ 35 տարեկանից հետո կնոջ հղիության դեպքերը սկսում են նվազել, և որոշ սինդրոմների հավանականությունը մեծանում է, օրինակ՝ Դաունի սինդրոմի դեպքերը։ Բայց դա չի նշանակում, որ 25 տարեկանում ռիսկերը բացակայում են։
35 տարեկանից հետո կնոջ պտղաբերությունը նվազում է. ձվարանների պաշարը սկսում է նվազել, ձվաբջիջների որակը վատանում է, և հղիանալն ավելի դժվար է դառնում։
Գենետիկական նախատրամադրվածությունը ևս կարող է ազդեցություն ունենալ։ Վիրահատություններ, օրինակ՝ ձվարաններից կիստաների հեռացում, նույնպես կարող են պաշարը նվազեցնել։
Հղիության 12-րդ շաբաթից սկսած, կանանց հանձնարարում են գենետիկական և հորմոնալ հետազոտություններ, որպեսզի գնահատեն երեխայի առողջական վիճակը։ Մայրն իրեն կարող է լավ զգալ, բայց երեխայի մոտ կարող են հայտնվել որոշ խնդիրներ, որոնց թվում ամենահաճախ հանդիպողը Դաունի սինդրոմն է»։
Հռիփսիմե Գրգիգորյանը նշում է, որ օդի աղտոտվածությունը նույնպես ազդում է հղիության վրա․
«Աղտոտված օդը համարվում է քաղցկեղածին և կարող է վնասել թոքերին, ինչպես նաև վերարտադրողական համակարգին։ Գեները չեն փոխվում, բայց հղիների համար կարևոր է, թե ինչ պայմաններում է անցնում հղիությունը։ Վատ պայմանները կարող են վնասել երեխայի զարգացմանը»։
Նա խորհուրդ է տալիս դիմակ կրել, քիչ դրսում լինել և եթե հնարավորություն կա, ապա գնալ Երևանից դուրս։
Ընտանեկան բժիշկ և թոքաբան Կարինե Ստեփանյանը
Oragir.News-ի հետ զրույցում ընդգծում է, որ օդի աղտոտվածությունը բոլորի վրա է ազդում, բայց հղիները կրկնակի խոցելի են․
«Հղի կանայք կրկնակի խոցելի են, որովհետև իրենք շնչում են ոչ միայն իրենց, այլև` իրենց երեխաների համար: Հղի կանանց մոտ հաճախ նկատվում է անեմիա` հեմոգլոբինի կոնցետրացիայի իջեցում, որն ապահովում է թթվածնի տրանսպորտը։ Հետևաբար՝ օդի որակն ավելի է իջեցնելու թթվածնի քանակը և վատացնելու է երեխային թթվածնով հարստացնելու գործընթացը:Մենք կարող ենք ընտրել ինչ ուտել, բայց օդը` ոչ»:
Տիկին Ստեփանյանը պատմում է, որ իրենք՝ բժիշկներն, ամեն օր հանդիպում են նման դեպքերի.
«Սա հետագայում աղետի է բերելու, մնում է հղի կնոջն ասել, որ թթվածնային բալոններ իրենց հետ ման տան»:
Մանկաբույժ Գայանե Սահակովնան էլ
Oragir.News-ի հետ զրույցում նշում է, որ և՛ երեխաների, և՛ մեծահասակների մոտ շատ կարևոր է նյութափոխանակությունը:
«Օդի աղտոտվածությունը փակ շղթա է, որի վատ լինելու պատճառով վատ է նաև մեր սննդի որակը։ Անձրևը կգա, ու վնասակար նյութերով կջրվի բանջարները։ Սա թե երեխաների մոտ, թե մեծահասակների մոտ կհանգեցնի խնդիրների»:
Բժիշկների խոսքից պարզ է դառնում՝ այսօր առողջ երեխա լույս աշխարհ բերելու համար շատ հոգատարություն ու վերահսկողություն է պահանջվում։ Ցավոք՝ կառավարությունն ու քաղաքապետրանը բավարար ջանքեր չեն գործադրում օդի աղտոտվածության մակարդակն իջեցնելու և ռիսկերը, մասնավորապես հղիների առողջությանն առնչվող վտանգները նվազեցնելու ուղղությամբ։