copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 16:07 25-11-2025

Չիվայի նախկին ղեկավարի կողմից փողերի լվացման գործը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2004-2017 թթ. ընթացքում ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքի Չիվա բնակավայրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել և իրականացրել է համայնքային մի շարք հողամասերի ապօրինի աճուրդ-վաճառքներ, իսկ նշված հողամասերից մեկն աճուրդային գնից բազմակի ավել գնով բարեգործական ընկերությանն օտարելու և եկամուտ ստանալու դիտավորությամբ 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպել և անցկացրել է ձևական աճուրդ-վաճառք:

Մասնավորապես՝ հողամասերի օտարման համար հայտարարված աճուրդի օրինական լինելու պատրանք ստեղծելու նպատակով՝ Չիվա բնակավայրի ղեկավարը որպես աճուրդի մասնակից ձևակերպել է իր երկու ազգականներին, որոնցից մեկը հաղթող է ճանաչվել և ընդհանուր շուրջ 0.8 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերը գնել 19.353 ՀՀ դրամով:

Այնուհետև վերը նշված պաշտոնատար անձը, աճուրդում հաղթող ճանաչված ազգականի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, վերջինիս կողմից ձևականորեն իրեն տրված լիազորագրի հիման վրա, նրան օտարված 2 հողամասերից մեկը 4.595.086 ՀՀ դրամով վաճառել է բարեգործական ընկերությանը, որից հետո նշված անձինք ձեռք են բերել հողամասերի օտարման արդյունքում ստացված գումարը տնօրինելու և օգտագործելու հնարավորություն՝ այդ կերպ օրինականացնելով հանցագործության արդյունքում ստացված եկամուտը:

Չիվա բնակավայրի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), իսկ աճուրդում հաղթող ճանաչված ազգականին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին)։ Նրանք ներկայացված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։

Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև վերը նշված պաշտոնյայի ու այլ անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու դեպքեր: Նրանց վերաբերյալ կայացվել են հանրային քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ամենից շատ դիտված

19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:51 Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ
16:20 Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ փոխգործակցությունը կշարունակվի. Պանտելին
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում
14:09 Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից
13:37 Մենք Արգենտինայի հետ հավասարը հավասարի պես պայքարեցինք․ Կաբո Վերդեի դարպասապահ