Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 09:50 23-11-2025

Ինչի՞ համար է Փաշինյանը բացել Սահմանադրության թեման՝ 4-րդ հանրապետության «խմորով» հանդերձ. խաղալու համար. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

«Վարչական ռեսուրսի» համաժողովին Նիկոլ Փաշինյանի ելույթից մամուլում կարծես թե առայժմ պատահել եմ միայն Սահմանադրության փոփոխության հատվածին: Եթե եղել է այլ ուշադրության արժանի հրապարակված հատված, գոնե ես դեռ չեմ հանդիպել:

Սահմանադրության փոփոխության մասով, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դրա հանրաքվեն կլինի խորհրդարանի ընտրությունից հետո: Նա նշել է, որ խորհրդարանի ընտրությունը կլինի հնարավորություն, որ քաղաքական ուժերը իրենց մոտեցումը ներկայացնեն հանրությանը նաեւ Սահմանադրության մասով:

Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի ընտրությանը հասնել հաջողության եւ պահպանել մեծամասնությունը, կարո՞ղ է նա արդյոք հայտարարել, որ այլեւս չկա հանրաքվեի կարիք, քանի որ հանրությունը ձայն տալով իրեն, ձայն է տվել Սահմանադրության իր պատկերացմանը:

Բայց, այդ դեպքում կնշանակի, որ չի փոխվում Սահմանադրությունը, հետեւաբար՝ Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության համաձայնագիրը:

Սակայն, այստեղ առաջանում է մի հարց՝ իսկ խորհրդարանի ընտրությանը հաղթելու դեպքում, Նիկոլ Փաշինյանի հո՞գն է, որ Ադրբեջանը չի ստորագրում այդ համաձայնագիրը: Չէ որ այդ համաձայնագրի ստորագրումը նրա համար նշանակություն ունի նախընտրական քարոզչության իմաստով: Եթե ստորագրումը չի լինում մինչ այդ, ապա դրանից հետո այն Նիկոլ Փաշինյանի համար համենայն դեպս զգալի կորցնում է իմաստը:

Առավել եւս, որ Փաշինյանն իհարկե չայած ամենից շատն է խոսում «հաստատված խաղաղությունից», բայց նաեւ ամենից լավը գիտե թերեւս, որ դա ընդամենը խոսակցություն է, իսկ գործնականում նույնիսկ խաղաղության պայմանագիր ասվածի ստորագրումը չի նշանակելու խաղաղություն: Որովհետեւ Կովկասում խաղաղության ու պատերազմի հարցը վճռվում է մակրո, այլ ոչ թե միկրոքաղաքական մակարդակում: Մակրոքաղաքական մակարդակ ասելով նկատի ունեմ խոշոր խաղացողների հարաբերությունները:

Բնականաբար կառաջանա հարց, թե այդ դեպքում ինչի՞ համար է Փաշինյանը բացել Սահմանադրության այս ամբողջ թեման, չորրորդ հանրապետության «խմորով» հանդերձ:

Խաղալու համար: Նա թերեւս լավ է հասկանում, որ ներկայումս հնարավոր չէ կազմել երկարաժամկետ պլաններ: Պետության ղեկավարը, որ չունի իր պետության պաշտպանության ինքնաբավ համակարգ, չի կարող ունենալ երկարաժամկետ պլաններ, կապված այդ պետության ապագայի հետ: Այո, անգամ ամենավատ պլանները չեն կարող լինել երկարաժամկետ,կամ դրանք երկարաժամկետ լինելու դեպքում չեն կարող լինել Փաշինյանինը՝ ուրեմն ուրիշի պլաններն են:

Այդ դեպքում իհարկե այդ ուրիշն էլ կպարտադրի անել Սահմանադրության փոփոխություն:

Այո, կպարտադրի: Բայց, գուցե հայտնվի մեկ ուրիշը, որը նրան կօգնի դիմադրել այդ պարտադրանքին, որովհետեւ շահ կունենա այդ հարցում:

Սա պայմանական, որպես սցենարային տարբերակներից մեկը: Ես կարծում եմ, որ Փաշինյանը չի բացառում ոչ մեկը: Նա իհարկե գնում է այդ պահին գերակայող սցենարով, բայց թերեւս փորձում է իրեն տեղ թողնել «շրջադարձի» համար, եթե փոխվի սցենարը:

Ինքը Փաշինյանը իհարկե ունակ չէ փոխելու ոչինչ: Այսինքն, այդ տեսանկյունից նա սուբյեկտ չէ:

Ամենից շատ դիտված